Մինչև Խորհրդային Միության փլուզումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մոսկվան պրոադրբեջանական դիրքորոշում ուներ, բայց 1992-ից մինչ օրս իրավիճակը փոխվեց: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ ԼՂ քառօրյա պատերազմը դրդվել է ՌԴ-ի կողմից:
«Երբ մենք խոսում էինք այս կամ այն պետության կեցվածքի մասին, պիտի հասկանանք նման վարվելակերպի մոտիվացիան ու ժամանակահատվածը. երբ է դա եղել»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը, հայտնում է
tert.am-ը:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ երբեմն բոլորս մոռանում ենք այս հարցում պետությունների հետաքրքրվածության, շահերի մասին՝ ընկնելով մանրուքների հետևից: «Վերցնենք Ռուսաստանը: Ռուսաստանի հետաքրքրվածությունն այս տարածաշրջանում ո՞րն է: ՌԴ-ին ամենևին ձեռնտու չէ պատերազմը: Հակամարտությունն այս տարածաշրջանում սպառնալիք է այդ պետության համար: Ռուսաստանի ռազմավարական դոկտրինում անգամ գրված է այս մասին, որ ՌԴ համար սպառնալիք են բոլոր հակամարտություններն իրենց սահմանի պարագծերով, որովհետև դրանք կարող են վերածվել մարտական գործողությունների քո սահմանին: Եվ սա բոլոր պետությունների դեպքում է»,- մանրամասնեց Հարությունյանը:
Պաշտպանության նախկին նախարարը հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞վ է 94-ին ԼՂ-ում, Աբխազիայում, Օսեթիայում խաղաղություն հաստատել, ապա նշեց. «Ռուսաստանն է խաղաղություն հաստատել: Ես այդ բանակցություններին մասնակից եմ եղել ու կարող եմ մանրամասն ասել՝ ինչպես է դա պատահել: Այն ժամանակ մենք (նկատի ունի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը) քննարկում էինք՝ ստորագրե՞լ հրադադարի մասին համաձայնագիրը, թե՞ ոչ: Կրկնում եմ, Ռուսաստանը միայնակ հաստատեց խաղաղություն այդ բոլոր կոնֆլիկտներում, որովհետև նրան ձեռնտու չէին ռազմական բախումները: Իսկ ձեռնտու է դա նրանց, ովքեր ուզում են դուրս շպրտել Ռուսաստանին այս տարածաշրջանից: Օսեթիայի ու Աբխազիայի պատերազմն ո՞ւմ էր ձեռնտու: Հարցի պատասխանը շատ պարզ է՝ քանի դեռ այս պատերազմներն ընթանում են Հայաստանը կտրված է Ռուսաստանից, որովհետև չկան տնտեսական կապեր, հաղորդակցություն ու Հայաստանը բացը լրացնելու համար ստիպված թեքվում է դեպի Թուրքիա: Սա պարզ տրամաբանություն է: Ուստի Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ աբխազական երկաթգիծն է ուզում վերականգնել, խաղաղություն հաստատել, որովհետև որքան շատ են ձգվում այս հակամարտությունները, այնքան Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը պոկվում են Ռուսաստանից, թեքվում դեպի Արևմուտք»:
Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով, որովհետև պատրաստ չէ որևէ փոխզիջման:
«Հայկական կողմը սկսած առաջին նախագահից, երկրորդն ու երրորդն էլ, ասել են, այն առաջարկները, որոնք կան բանակցային սեղանին ու ենթադրում են տարածքների փոխանակում Ղարաբաղի ստատուս-քվոյի հետ: Դա կլինի փաթեթային, մադրիդյան, փարիզյան, թե այլ եղանակով կարևոր չէ: Հայաստանը հայտարարել է, որ արյունով վերցված տարածքները պատրաստ է տալ, եթե ԼՂ ստատուս քվոն մնա: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է պատասխանում. պատասխանում է, որ բոլոր տարածքներն իրեն են, իսկ կարգավիճակի հարցը չի էլ ուզում քննարկել: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում, երբ նախագահը հայտարարում է, որ արյունով վերցրած հողերը պատրաստ է տալ, միայն թե կարգավիճակը, խաղաղությունը պահպանվի, ու ի պատասխան ստանում է նման կոշտ մոտեցում»,- շեշտեց նա:
Պաշտպանության նախկին նախարարը միաժամանակ շեշտեց, որ չնայած ադրբեջանական նավթադոլարների առկայությանը, հակառակորդը երբեք չի գնա լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով:
«Այն փողը, որ Ադրբեջանը ներդնում է սպառազինության համար, քիչ է: Բացակայում է պատերազմին պատրաստվելու համակարգը: Ադրբեջանը կարող է զենք ու զինամթերք գնել որքան ցանկանա, որտեղից ցանկանա, բայց դա օգտագործել է պետք, կիրառել: Նման պարագայում, երբ Ադրբեջանը գործի դրեց իր ողջ Զինված ուժերը, Ղարաբաղը պաշտպանվեց միայն իր սեփական ուժերով, իսկ դուք գիտեք, որ ԼՂ կողքին կա Հայաստան, որը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է ու շուտով նաև փոխօգնության մասին պայմանագիր կնքվի, ինչը քայլ առաջ է այս հարցում: ՀՀ Զինված ուժերը քառօրյա պատերազմի ժամանակ չեն մասնակցել: Սա մեր ողջ ուժը չէ: Ու պատկերացրեք ինչ կլինի, եթե Հայաստանը գործի դնի իր ողջ սպառազինությունը»,- ասաց
Վաղարշակ Հարությունյանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմի միջոցով փորձում էր բանակցությունների սեղանին շրջանառության մեջ դնել նոր առաջարկ՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին, ինչը խոստովանեց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը, երբ հայտարարեց, որ իրենք սպասում էին Մինսկի խմբից նման առաջարկի, բայց այն չարվեց: