23.11.2024
Փաշինյանը կարող է հայտարարել, որ Ադրբեջանը պահանջել է Մեղրին կամ Վարդենիսը. փորձագետ
prev Նախորդ նորություն

«1 000 դրամների» հիմնադրամն ունենալու է 7 000 նոր շահառու և հավելյալ 50 մլրդ դրամի կարիք

«Զինծառայողների կյանքի ապահովագրության հիմնադրամին» փոխանցվող գումարների չափի՝ 1 500-ից 15 000 դրամ պրոգրեսիվ սանդղակով մեծացումը, ամբողջությամբ չի լուծում Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին օրենքով նախատեսված հատուցումները կատարելու հարցը:


Այդ մասին հայտարարել է Զինծառայողների կյանքի ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ բոլոր շահառուներին միանվագ աջակցություն տրամադրելու համար հիմնադրամը հավելյալ 50 մլրդ դրամի կարիք ունի:


Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «1 000 դրամների» հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը պորգրեսիվ սանդղակով ավելացնելու առաջարկ: Այն ընկած է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի հիմքում։


«Այդ փոփոխությունը կախված է անձի եկամուտներից՝ փոխվում է դրոշմանիշային վճարների չափը՝ 1 500-ից մինչև 15 000 դրամ», - նշում է Վարուժան Ավետիքյանն ու հավելում, որ անգամ այդ պարագայում հիմնադրամը հավելյալ դրամահավաքի կարիք կունենա:


Ըստ ներկայացված նախագծի՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1 500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3 000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5 500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8 500 դրամ, 1 միլիոն 1 000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 հազար դրամ:


Գործող օրենքով յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս գանձվում է 1 000-ական դրամ:


Փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ մինչև օրս սահմանված 1 000 դրամ ամենամսյա դրոշմանիշային վճարներից ձևավորվող «Զինծառայողների կյանքի ապահովագրության հիմնադրամի» եկամուտները չեն բավարարի զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին օրենքով սահմանված հատուցումներ տրամադրելու համար:


Ղարաբաղյան երկրորդ պատերամզի հետևանքով կտրուկ աճելու է հիմնադրամի շահառուների քանակը: «Ըստ մեր ունեցած տվյալների՝ հիմնադրամը կարող է ունենալ շուրջ 7 000 նոր շահառու: Մենք գիտենք մոտ 2900 զոհերի, 1500 անհայտ կորածների (որոնց մեջ կարող են լինել նաև գերի ընկածները), ինչպես նաև 8300 վիրավորների մասին, որից մինչև 2500-ը կարող է ունենալ տարբեր աստիճանի հաշմանդամություն և դառնալ մեր շահառուն», - ներկայացրեց մոտավոր պատկերը Ավետիքյանը:


Նա հույս ունի, որ մինչև տարեվերջ հիմնադրամը կկարողանա հատուցում տրամադրել շուրջ 700 ընտանիքի: «Գործընթացը ժամանակ է պահանջում: Հատուցման համար դիմումի ներկայացման պահից մինչև դրա հաստատումը տևում է մոտ 3-4 շաբաթ», - ասաց նա՝ հավելելով, որ դրոշմանիշային վճարների ավելացման արդյունքում հիմնադրամը լավագույն դեպքում տարեկան կտրվածքով կկարողանա ներկայիս 7,5 մլրդ դրամի փոխարեն հավաքագրել 23 մլրդ դրամ:


Այս թիվը, սակայն կարող է միայն բավարարել բոլոր շահառուներին առաջիկա 20 տարիների համար ամեսական 100-300 հազար դրամի (կախված հաշմանդամության աստիճանից) հատուցումները տրամադրելու համար: Սակայն բոլոր 7000 նոր շահառուներին 5-10 մլն դրամի միանվագ վճարումների կատարման համար հիմնադրամին անհրաժեշտ է հավելյալ 50 մլրդ դրամ, որը Ավետիքյանի խոսքով, փորձելու են հավաքագրել դրամահավաքների միջոցով և գործարար համայնքի աջակցությամբ:


Մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, պաշտոնական տվյալներով հիմնադրամն արդեն 416 շահառու ուներ։ Իսկ այս պահին փոխհատուցում են տրամադրել ավելիք քան 500 զինծառայողի կամ զինծառայողի ընտանիքի: Նրանք շահառու են դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով:


Հիմնադրամն անհայտ կորածների ընտանիքներին 10 միլիոն դրամ է տրամադրում միանվագ, այնուհետև՝ 200-300 հազար դրամ ամսական։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցողները ստանում են 10 միլիոն դրամ միանվագ, այնուհետև 200-300 հազար դրամ ամսական։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, այնուհետև՝ 100-200 հազար դրամ։


Հիմնադրամի շահառու դառնալու և փոխհատուցում ստանալու համար պատերազմից տուժածները կամ նրանց հարազատները իրենց կարգավիճակի մասին փաստող թղթերը պետք է ներկայացնեն տեղական ինքնակառավարման մարմիններին։