Ընդդիմությունը տապալեց ԱԺ որոշման նախագծի ընդունումը
Թեեւ խորհրդարանական ընդդիմությունը ներկա է խորհրդարանի արտահերթ նիստին, քվեարկությանը ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել՝ դրանով իսկ տապալելով մի շարք օրինագծեր արագացված 24-ժամյա ռեժիմով քննարկելու մասին որոշման ընդունումը։
Քվեարկության ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ քվորում ապահովել, իսկ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը։ Օրինագծերի քննարկման արագացված ռեժիմի մասին որոշման նախագծի ընդունման օգտին քվեարկել է 57 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1, որոշման նախագիծը մերժվել է:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, որոնցից 13-ը առաջարկվում էր ընդունել արագացված 24-ժամյա ռեժիմով: Նշված օրինագծերից են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնական եւ պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոկայանատեղիների համար վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ: