24.11.2024
Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը
prev Նախորդ նորություն

Հարկերի մակարդակը խայտառակ գահավիժում է. Դավիթ Սարգսյան

Տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է: Ըստ վիճակագրության միայն նոյեմեբերին 22 տոկոս անկում կա առևտրի ոլորտում: Այդ մասին նշում է ֆինանսների նախկին նախարար, «Արդշինբանկի» ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյան:


Նրա խոսքով, շատ ավելի լավը չէ իրավիճակը ծառայությունների ոլորտում: Հարկերի մակարդակը խայտառակ գահավիժում է: «Կառավարության հաշվի մնացորդը ԿԲ-ում՝ նույնպես», - նշում է նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ:


Բացի ամեն ինչից, Սարգսյանի կարծիքով, պատճառը մեկն է՝ քաղաքական անորոշությունը:


«Հա, ու, եթե այդ անորոշությունը լուծվի ի օգուտ մարդամեկի (հավանաբար խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է. խմբ), ապա տնտեսական վիճակը չի լավանալու: Էլիտաների հասցեին հնչեցվածը շատ է «վախեցրել» այդ էլիտաներին: Ոչ ոք այլևս խելագար չէ նման մտածելակերպ ունեցողի պարագայում ներդրումներ անելու կամ սեփական շատ թանկ ժամանակը վատնելու համար», - նկատում է նա:


Հայաստանում 2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,2 տոկոսով:


Ինչպես հայտնում է Վիճակագրական կոմիտեն, նոյեմբերին անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 10,3 տոկոսով:


Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության կրճատման միտումը, որը սկիզբ էր առել այս տարվա երկրորդ եռամսյակից, շարունակվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:


Առաջին 11 ամիսներին անկում է եղել գլխավորապես հետևյալ որորտներում: Շինարարության ծավալը կրճատվել է 11,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 13,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 13,6 տոկոսով, առևտրաշրջանառությունը՝ 12,4 տոկոսով: Արտահանումը նվազել է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 15,9 տոկոսով:


Միայն վերջերս է կայունացել իրավիճակը փոխարժեքի շուկայում՝ Կենտրոնական բանկի կողմից երկու անգամ ինտերվենցիա կատարելու արդյունքում:


Ինտերվենցիաները կարճ ժամանակով կանխում են դրամի արժեզրկումը, բայց չեն լուծում խնդիրը: Որոշ ժամանակ անց անորոշությունները կարող են կրկին գլուխ բարձրացնել: Արդեն իսկ սեպտեմբերից մինչ օրս արտաքին պահուստները կրճատվել են ավելի քան 300 մլն դոլարով, որի մի մասն ուղղվել է դրամի կայունության ապահովմանը, իսկ մյուս մասը՝ պարտքի սպասարկմանը: