Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել, հանդես է եկել համախմբված բողոքի ակցիաներ իրականացնելու կոչով:
"Հարգելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքն ու ազգն այս պատմական օրերին կանգնած են գոյատեւման վտանգի առաջ` գոյատեւման՝ իբրեւ պետություն, իբրեւ ազգ, իբրեւ հայ։
Կրճատված են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմանները, կործանված են հազարավոր ճակատագրեր։ Որբացած են նույնքան ընտանիքներ։
Պետության առջեւ ծառացած խնդիրներն այլեւս մեզանից յուրաքանչյուրինն են։ Այս խնդիրներն արդեն թակել են շատերիս դռները, մյուսներինը դեռ թակելու են։ Սարսափելի պատերազմի ու այս ողբերգական կորուստների հետեւանքները որեւէ մեկին, ցավոք, չեն շրջանցելու` ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, նյութապես եւ ոչ միայն։
Սիրելի՛ ժողովուրդ, դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած իմ հանդիպման ժամանակ, խորին մտահոգությունս եմ հայտնել, թե ինչ անդառնալի հետեւանքների կբերի հայության մեջ սեւ-սպիտակի, հնի ու նորի բաժանարար գծեր անցկացնելը։ Այսօր էլ ապաշնորհ իշխանությունը շարունակում է պառակտել մեր ժողովրդին։ Այլեւս թույլ չենք տա մեր ազգի մեջ որեւիցե բաժանարար գիծ անցկացնել։ Միասնությունն է, որ միշտ փրկել եւ հզորացրել է հայ ժողովրդին, եւ միայն այս դավաճանական իշխանությունների օր առաջ հեռացումը թույլ կտա միասին վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել հզոր Հայաստան եւ ազգային պրոֆեսիոնալ բանակ։
Իսկ այս օրերին ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները: Նրանք լուծում են իրենց անձնական խնդիրները՝ կառչած աթոռներից, եւ որեւիցե գործողություն չեն անում գերիների տվյալները վերջնականապես հստակեցնելու եւ նրանց արժանապատիվ կերպով վերադարձի համար։
Ունենք զինվորական եւ քաղաքացիական անձինք, ովքեր մինչեւ հիմա շրջափակման մեջ են։
Անհետ կորածների հարցով այդպե՛ս էլ գործնական քայլեր չեն արվում ՀՀ իշխանությունների կողմից:
Անկարողություն կամ անգործություն է դրսեւորվում նաեւ ԴՆԹ թեստերի միջոցով դիերի ճանաչման հարցում:
Ստացվում է՝ իրականությունից կտրված Փաշինյանն իր թիմով անզոր է այս խնդիրները լուծելու. նրանք դրա համար շուրջ 1,5 ամիս ժամանակ ունեին։
Հայաստանի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, ում կոնկրետ հանձնարարված է զբաղվել վիրավոր ու անհետ կորած զինվորների հարցերով, գերիների վերադարձով։ Չկա այս խնդիրների ուղիղ պատասխանատուն, ում կարող են դիմել զինծառայողների հարազատները։
Վերոնշյալը հաշվի առնելով եւ վերջնական աղետից խուսափելու զգոնությամբ` դիմում եմ հայ ժողովրդին եւ իմ համախոհներին, այսօր՝ ժամը 17։30-ին, իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ։
Հորդորում եմ՝ Փաշինյանին հեռացնելու գործում ընտրել նրա իսկ ձեռագիրը՝ փակելով գլխավոր փողոցները, կաթվածահար անել երթեւեկությունը եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ժողովո՛ւրդ ջան, Նիկոլն այլեւս չունի իշխանություն, ֆիքսե՛ք, այս պահից ի վեր իշխանությունը պատկանում է մեզ՝ բոլորիս։ Մեկ մարդու նման ոտքի՛ կանգնենք՝ բեկում մտցնենք մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, վե՛րջ տանք տոտալ անիշխանությանը։ Թույլ չտանք` թուրք-ադրբեջանական տանդեմը, Փաշինյանի ձեռամբ, վերջնականապես լուծի իր համար պատմականորեն կնճռոտ դարձած հայկական հարցը՝ հօգուտ իրեն։
Պայքարը սկսված է",- ասված է Թովմասյանի հայտարարության մեջ: