23.11.2024
ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին
prev Նախորդ նորություն

ՀՀ բուհերի լավագույն 15 ուսանողներ կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) անցկացված հոգաբարձուների նիստում հաստատվել է 15 ուսանողների տրամադրել կրթաթոշակներ։ Յուրաքանչյուր բուհ ներկայացնում է իր ուսանողների թեկնածությունները, որոնք վերջնական հաստատվում են հոգաբարձուների խորհրդի նիստում։


Նշվում է, որ կրթաթոշակի են արժանանում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում ռուսաց լեզվով, ցուցաբերում են գերազանց առաջադիմություն և ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին: Հաշվի է առնվում նաև ուսանողի սոցիալական վիճակը։


Նախագծի իրականացման համար միջոցներ է հատկացրել Մոսկվայի կառավարությունը։ Ծրագիրը իրականացվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնության աջակցությամբ։ Կրթաթոշակները տրամադրվում են 2007 թվականից։


«Մոսկվայի կառավարության կողմից իրականացվող նման նախագծերը կարևոր են մոտիվացնելու համար սովորել ռուսերեն և ռուս գրականություն։ Ռուսերենի միջոցով ենք ճանաչում ռուս մշակույթն ու գրականությունը, այն միջմշակութային երկխոսության լեզուն է, որը օգնում է ամրապնդել բարեկամական կապերը։ Սա նաև կարևոր քայլ է ուսանողներին ոգևորելու համար, որ ավելի լավ սովորեն»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։


Ամեն տարի կրթաթոշակներ են շնորհվում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Վանաձորի և Գյումրիի պետական մանկավարժական համալսարանների ուսանողներին։


Տարին երկու անգամ՝ գարնանային և աշնանային կիսամյակից հետո ուսանողները ներկայացվում են կրթաթոշակին։ Ուսանողները կրթաթոշակի հետ միասին հանդիսավոր պարգևատրվում են դիպլոմներով և «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակառու» խորհրդանշական կրծքանշաններով:


Ծրագիրն իրականացվում է հետխորհրդային երկրներում ինտելեկտուալ ներուժը պահպանելու և զարգացնելու համար, ինչպես նաև օգնում է բուհերում ռուսերենով տարբեր առարկաների դասավանդման առաջխաղացմանը։