Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են, սադրանքների չենք տրվելու։ Մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք, խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կշարունակենք: Այս մասին քիչ առաջ Սիսիանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չեղարկելով իր նախապես պլանավորված այցերը Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներ։
Նա հայտարարեց, որ գիտի, թե ինչո՞ւ են մարդիկ փակել Երևան-Գորիս ճանապարհը, քանի որ գորիսեցիները գիտեն, որ "իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում": Փաշինյանը խոստացավ, որ կվերադառնա.
«Թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ի՞նչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում՝ հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի... ցավոք՝ Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում ևմեր իշխանությունը չի կարողացել անել այնպես, որ երկիրը հասցնի նրան, ինչին արժանի եք»,- հայտարարեց Փաշինյանը։
VERELQ-ն արդեն գրել է, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը Նիկոլ Փաշինյանի պարզած ձեռքն օդում թողեց ու դուրս հրավիրեց նրան եկեղեցուց։ Փաշինյանը, համաձայն սոցիալական ցանցում հրապարակված տըեսանյութի, երկար եկեղեցիում չմնաց:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որի բնակիչները բողոքի ակցիաներով են նրան դիմավորել: Մասնավորապես, նրանք առավոտ շուտ ավտոմեքենաներով փակել էին Սյունիքի դարպասների հատվածը, սակայն Փաշինյանը հասավ մարզ ուղղաթիռով:
Առավոտյան կանուխ ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը: Նախօրեին ուշ երեկոյան նա հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 06:00-ին միանալ բողոքի ավտոերթին և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։