VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։ Մեր տեղեկություններով՝ երբ Արթուր Վանեցյանն իմացել է ծրարի բովանդակության և վարչապետի՝ այն հաճույքով ընդունելու փաստի մասին, իշխանության որոշ բարձրաստիճան դեմքերի հետ փորձել է մտնել Փաշինյանի աշխատասենյակ և ձերբակալել նրան։ Թե ինչու այդ գործողությունը ԱԱԾ նախկին տնօրենը չի իրականացրել, մեր աղբյուրը չմանրամասնեց, բայց ակնհայտ է, որ ձերբակալելու համար ազգային անվտանգության տնօրենն առնվազն հիմնավոր փաստարկներ է ունեցել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում եւ այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաեւ «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս օրերին նրանք խոսում են բռնություն թույլ չտալու մասին։ Եվ սա ասում է մի ուժ, որն ահաբեկչական գործողություն արեց ՊՊԾ գնդում՝ դառնալով 3 ոստիկանի սպանության պատճառ։ Ասում են նաեւ՝ այս շրջանակի կողմից հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում, եւ, չնայած Փաշինյանի՝ արտաքուստ «կոշիկ լիզելու» ռուսասիրական դրսեւորումներին, նրա գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց: Այստեղ ուշագրավ է այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով դատարանում ամբաստանվողի կարգավիճակում, արգելքներ ունի երկրի սահմաններից դուրս գալու: Նրան մինչեւ նոյեմբերի 7-ն էր թույլատրված դուրս գալ երկրից` հատուկ որոշմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 3-ի իր համարում գրել էր, որ Քոչարյանը պետք է Մոսկվա մեկներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն կորոնավարակի տեստ էր հանձնել, որը դրական էր եղել, եւ մինչեւ սահմանված 14 օրը լրացավ, որպեսզի Մոսկվա մեկնելը հնարավոր լիներ, արդեն լրացել էր ՀՀ-ից նրա ելքի թուլատրելի ժամկետը: Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է լքել երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Դատարանը թույլ է տվել»: Սողոմոնյանը սակայն չմանրամասնեց, թե ինչ հանդիպումներ է ունենալու երկրորդ նախագահը Մոսկվայում, արդյոք կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որն է հանդիպումների հիմնական օրակարգը»:
«Իրատես» թերթը գրում է. «Պատերազմում պարտություն կրելուց, նոյեմբերի 9-ի ամոթալի ու խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունն այս օրերին զբաղված է «հույժ կարեւոր» գործով՝ Ընտրական օրենսգիրք է բարեփոխում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովում գրում ու ջնջում են, Սորոսի գրասենյակից սնվող կազմակերպությունից հյուրեր են կանչում, քննարկումներ ու վերլուծություններ անում, որ, իրենց ասելով, անթերի ու իրենց նման ժողովրդավար նախագիծ ստանան: Ռազմագերիների, անհետ կորածների, երկու օր առաջ Հին Թաղերում խաղաղ պայմաններում գերի ընկածների հարցը թողած՝ «ամենաթափանցիկներն» ու «ժողջանի» ճակատագրով «մտահոգվածները», փաստորեն, օրենսգիրք գրելու ոչ միայն ժամանակ, այլեւ սիրտ ունեն: Նոր ԸՕ ունենալու հրահանգը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն է իջեցրել: Օրերս խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպման օրակարգում բացառապես ԸՕ-ի հարցն է եղել: Պարզ է՝ իշխանությունն ինքնակամ հրաժարական տվողը չէ: Նրանք, ինչպես Փաշինյանն է ասում, ո՛չ մեղավորություն ունեն կատարվածի մեջ, ո՛չ էլ հասկանում են՝ ինչ է կատարվել ու կատարվում:
«Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի» տարբերակով շարունակում են, ճառ ասել ու մեղավորների որսով զբաղվել: «Դուք ուրիշ թեմա չունե՞ք քննարկելու, այլ հարց չունեի՞ք ձեր առաջնորդին»,- հարցրեց «Իրատեսը» իմքայլականներից մեկին: «Իհարկե ունենք, ու թող չթվա, թե նրա ասածների ու մտքերի հետ համակարծիք ենք ամբողջությամբ»,- պատասխանեց պատգամավորը: «Չհամաձայնողն ու մտքերի հետ համակարծիք չլինողը քաղաքական քայլ է անում, բարձրաձայնում է այդ մասին, խմբակցությունից է դուրս գալիս ի վերջո»,- հակադարձեցինք: «Վստահեցնում եմ՝ «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի մարդ շատ խիստ, շատ կոնկրետ դրել ու դնում է Փաշինյանի հրաժարականի հարցը: ՈՒ ոչ միայն Փաշինյանի, բոլոր նրանց, որոնք միայն անունով են պաշտոն զբաղեցնում: ՈՒ՞ր են այս օրերին, քանի՞ պաշտոնյա կա, որ հետպատերազմյան արհավիրքների դեմն է փորձում առնել: Ինչ վերաբերում է քաղաքական ժեստ անելուն, դա ընտրության հարց է: Կոնկրետ մի քանիսով որոշել ենք դուրս չգալ խմբակցությունից ու ներսում «ընդդիմություն» լինել»,- նշեց մեր զրուցակիցը: Թե ինչպես են պատգամավորները քննադատում իրենց «անթերի» առաջնորդին կամ ինչպես են իրենց ուսերին տանում ընդդիմադրի ծանր լուծը, ենթադրել կարելի է Նիկոլ Փաշինյանի մեկը մյուսին հակասող հայտարարութուններից, երկրի վարչապետին ոչ հարիր, չճշտված տեղեկություններ հրապարակելուց եւ մարդկանց սեւերի ու «սպիտակների» բաժանելու արատավոր երեւույթից չհրաժարվելուց: Ակնհայտ է՝ իշխանությունը, որ երկու տարի առաջ ԸՕ-ն փոփոխելու քաղաքական կամք չուներ ու արտահերթ ընտրությունները դեռ նախորդ իշխանության ժամանակ փոփոխված օրենսգրքով անցկացրեց, այժմ փորձում է հասկանալ՝ իշխանությունը երկարաձգելու ինչ մեխանիզմներ կարող է կիրառել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը։ Լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր վաղեմի ընկեր՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հետ եւս դրանով է զբաղված: Ներգրավում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ինչ-որ խախտումներ ունեն՝ նահանջել են կամ հարկադրված թողել դիրքը։ Սպառնում են, որ դասալքության հիմքով քրեական գործեր կհարուցեն, եթե դեկտեմբերի 19-ի երթին չգան։ Ինչ վերաբերում է երթը Փաշինյանի կողմից առաջնորդելուն, ասում են, որ դա կախված կլինի այն բանից, թե որքան մարդ կհավաքվի, եթե մի քանի հազար, ապա Փաշինյանը, թեկուզ վերջին պահին, կիջնի կառավարության իր կաբինետից, կառաջնորդի երթը՝ հանրությանը ցուցադրելով, որ այդքան աջակիցներ ունի, եւ հենց դա է «ժողովուրդը»։ Իսկ եթե ոչ, ապա բազում հարգելի պատճառներ կբերվեն։ Չնայած հոր թաղումը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 18-ին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։ Հիշեցնենք, որ նա այս տարվա մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում գրեց, բայց մինչեւ սեպտեմբեր դեռ պաշտոնավարում էր։ Մոտ 2 տարի ԲՈԿ նախագահ աշխատած Գոգյանն իր որոշումը բացատրում էր նրանով, որ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Մեզ հետ զրույցում Գոգյանը հաստատեց, որ իրեն նման առաջարկ եղել է․ «Բանավոր զրույց եղել է այդ թեմայով»։ Հարցին՝ իր եւ Փաշինյանի միջե՞ւ է այդ զրույցը եղել, նախկին պաշտոնյան բացասական պատասխան տվեց՝ մանրամասներ չհայտնելով։ Չհամաձայնելու պատճառների մասին էլ ասաց․ «Եթե ես համաձայն չեմ, որ ԿԳՄՍ կառույց պետք է լինի Հայաստանում, ո՞նց կարող եմ ես այդ կառույցը ղեկավարել»։ Իսկ մերժումը կապվա՞ծ է պատերազմի հետեւանքների հետ։ «Մերժելը՝ չէ, բայց, ինձ թվում է, առաջարկելը կապ ուներ»։ Նա չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երեւան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, եւ ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն: Իրավիճակն ավելի լարվեց այն ժամանակ, երբ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարեց, թե այսօր Կապանի եւ 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին, ինչի համար ժամանակ է տրված մինչեւ այսօր՝ 17:00-ն: Իսկ ի՞նչ դիրքերի մասին է խոսքը: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտնի ոչ հայանպաստ հայտարարության օրը՝ դեռ մինչեւ փաստաթղթի ստորագրումը, հայկական կողմը նպաստավոր պայմաններով դիրքավորվել է: Եվ, ահա, այսօր, երբ պետք է արդեն սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, ստացվել է այնպես, որ հայկական ուժերն ավելի առաջ են կանգնած, քան պետք է, եւ դիրքերից հետ իջնելը դրանով է պայմանավորված:
Խոսքը Կուբաթլուի եւ Զանգելանի հատվածների մասին է, որի շուրջ էլ սպասվող լարվածության մասին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը տեղի ունեցած անվտանգության խորհրդի ժամանակ: Երեկ սյունեցիներին հանդիպել է նաեւ նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փորձել բացատրել իրավիճակը, ներկայացրել, թե ինչ է լինելու այդ հատվածներում: Իսկ, ահա, նախկին փոխմարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտել է. «Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։ ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաեւ Գորիս-Կապան մայրուղի): Կապանի եւ Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Մնում է սպասել՝ ինչ կլինի այսօր եւ հետագայում, սակայն չի բացառվում՝ մինչ 17:00-ն Սյունիքում կրկին լարված լինի: Նշենք, որ պաշտպանության նախարարը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին վստահեցրեց, որ ՀՀ տարածքներից որեւէ մետր չի զիջվելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։ Նկատի է ունեցել այն, որ հայտնի հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը դավաճանական է որակել փաստաթուղթը եւ ասել, որ ինքը տեղյակ չի եղել այդ մասին։ Ավելին․ Արայիկ Հարությունյանն այնքան վրդովված է Բաբայանի պահվածքից, որ մտերիմների մոտ անկեղծացել է, թե գլուխը մի քիչ թեթեւանա, Սյամոյով դեռ կզբաղվի, անկախ նրանից՝ պաշտոնի կլինի, թե ոչ։ Ինչ վերաբերում է նախօրեի ուղերձին, ապա Արցախում սպասում էին, որ դա ավելի հստակ է լինելու։ Մոտ մեկ ամիս է՝ քննարկում են նրա հրաժարականի հարցը եւ անգամ ստիպում են զանգել Փաշինյանին եւ առաջարկել՝ «երկուսով հրաժարական տանք, հեռանանք»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հեռացումը պաշտոնից և նրա Արցախ չվերադառնալը պայմանավորված է ոչ թե նրա ցանկությամբ, այլ ռուսական կողմի պահանջով: Ռուսական բանակի և անվտանգության ուժերի ներկայացուցիչները խիստ անհանդուրժողական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ և Արցախի իշխանություններին հասկացրել են, որ նրա ներկայությունը իրենց համար անցանկալի է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել: ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին նիստն անցկացրել է սեպտեմբերին, համենայնդեպս այդ մասին են վկայում ԱԺ պաշտոնական կայքի տվյալները: Այնինչ սա շատ կարևոր հանձնաժողով է, և պատգամավորները պետք է հաճախ հավաքվեին, կարևոր հարցեր քննարկեին և այդ մասին տեղեկացնեին հանրությանը: Սակայն ԱԺ պաշտոնական կայքում այդ մասով լռություն է: Մեկ այլ կարևոր՝ Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովն էլ վերջին անգամ նիստ էր գումարել սեպտեմբերին, ապա տևական դադարից հետո արդեն դեկտեմբերի հինգին՝ լիագումար նիստերին ընդառաջ: Եվրոպական հարցերի մշտական հանձնաժոովի նորություններ բաժնում առհասարակ տվյալները չեն թարմացվել հունիսից, այսինքն՝ այս հանձնաժողովը պարապուրդի է մատնված հունիսից, շեշտենք՝ կրկին պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն: Մյուս մի քանի հանձնաժողովներում ևս գրեթե նույն իրավիճակն է: Միայն նստաշրջաններին ընդառաջ համեմատաբար ակտիվ եղել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը գլխադասային է եղել բերված օրենքների համար: Այս տեղեկությունները Ժողովուրդ օրաթերթը ձեռք է բերել բաց աղբյուրից` ԱԺ պաշտոնական կայքից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում: Դրանք սովորաբար օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող երեւույթներն ուսումնասիրելու համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակը մեզնից լսեց թուրքական օդապարիկների մասին: «Որեւէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Ինչո՞ւ էին թուրքական օդապարիկները չափումներ կատարում Հայաստանի օդային տարածքում: Կայի՞ն արդյոք դրանց ամրագրված տեսախցիկներ կամ այլ սարքեր․ այս հարցերը ներկայում ԱԱԾ ուսումնասիրության տիրույթում են: Սակայն, ըստ մեր տվյալների, ԱԱԾ-ն թուրքական օդապարիկների վերաբերյալ տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ ասացին. «Էրեբունի վարչական շրջանի տարածքում հայտնաբերված՝ անհայտ ծագում ունեցող սարքը ԱԱԾ կողմից ուսումնասիրվել է եւ որեւէ սպառնալիք չի ներկայացնում»: