23.11.2024
Մամուլ. Իսկ ո՞ւր է Գագիկ Ծառուկյանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի մասին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների մասին։ Անգամ ասում են, որ կհայտարարի տարեվերջյան ուղերձում։ Թիմը, բնականաբար, չի հաստատում տեղեկությունը, սակայն կան դա հաստատող փաստեր։ Օրինակ, արագացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, նախագիծը գրեթե պատրաստ է, երեկ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ գուցե մինչեւ տարեվերջ ուղարկվի ԱԺ։ Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ, երբ վերսկսվեցին ԸՕ բարեփոխումները, նա մեզ ասել էր, որ նոր ԸՕ կունենանք մարտին, թեեւ կարելի է «պրոցեսն արագացնել»։ Փաստորեն, պրոցեսը լույսի արագություն ստացավ։ Կհայտարարեն այն պահին, երբ մարդիկ ամանորյա եռուզեռի մեջ կլինեն, քաղաքական ուժերը չեն կարողանա ԱԺ-ին պարտադրել վարչապետի նոր թեկնածու։ Ըստ օրենքի՝ եթե ԱԺ-ն 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվում է, 1.5 ամսից արտահերթ ընտրություններ են կայանում»: 


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս ընդդիմադիրները երթ արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ չնայած անձրեւոտ ու ցուրտ եղանակին, բավականին մարդ էր մասնակցում։ Ֆրանսիայի հրապարակում հանդես գալով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա երեքշաբթին «պետք է լինի այս շարժման ամենավճռական օրը», այդ օրվանից սկսում են գործադուլ-դասադուլներ։ Իսկ մինչ այդ երթերը շարունակվելու են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին էլ մեծ հանրահավաք է կայանալու Ազատության հրապարակում։ Այդ օրը նաեւ իշխանություններն են որոշել երթ անել՝ դեպի Եռաբլուր, սակայն զոհվածների հարազատները որոշել են թույլ չտալ վարչապետին բարձրանալ զոհվածների գերեզմանների մոտ։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի երթին, նրա բացակայության համար հարգելի պատճառ կա՝ հոր մահը»:


«Փաստ» թերթը գրում է. ««Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ»,- նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա միեւնույն ժամանակ հավելել է. «Եթե ես եմ դուրս գալիս համբերությունից, դա նշանակում է՝ վատ են լինելու ձեր գործերը, տղաներ եւ աղջիկներ։ Դա նշանակում է, որ ես օգտագործելու եմ իմ գիտելքիներն ու ունակությունները երկրում տեղի ունեցող անառակությունները կասեցնելու համար»: Որոշ հարցերի հետ կապված ակնարկներ անելով՝ միեւնույն ժամանակ Գասպարյանը առկախված է թողել բազմաթիվ նորանոր հարցեր, ինչը բավական ուշագրավ է եւ փաստացի նշանակում է, որ Գասպարյանը ուղղակի շատ պարզ մեսիջ է ուղարկում Փաշինյանին՝ «սթափվել» ու հեռանալ՝ հասկացնելով, որ հակառակ դեպքում կարող է բացվել «պանդորայի արկղը», եւ հանրության սեփականությունը կդառնան ակնարկված հարցերի մասին որոշակի մանրամասներ, այդ թվում՝ Փաշինյանի բանակում ծառայած չլինելու, պատերազմի, Մարտի 1-ի եւ այլ հարցերի մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում տիրող անիշխանության, պետության բացակայության մասին մենք նորանոր ապացույցներ ենք ստանում։ Քանդված են գրեթե բոլոր պետական շղթաները, չեն գործում պետական կառույցները։ Արցախում շփոթ է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, կազմալուծված ու բարոյազրկված վիճակում է։ Բանակի եւ ՊՆ ղեկավարությունն անորոշության մեջ է՝ չգիտեն իրենց անելիքն ու չեն պատկերացնում ապագան։ Արցախում նոր գերիների ու նոր գյուղերի գրավման, մեր զորամասերի շրջափակման, Արցախում հանգիստ շրջող ադրբեջանցիների հետ կապված՝ ոչինչ չի ձեռնարկվում։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունն այլեւս որեւէ կերպ չի տնօրինում իրավիճակը, եւ ՀՀ ու Արցախի իշխանությունների միջեւ կապ չկա։ Նախօրեին, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հադրութի վերջին հատվածը եւ նոր գերիներ վերցրել, մեր տեղեկություններով, բանակի ղեկավարությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը դեռ շարունակում է բանակի գերագույն հրամանատարը համարվել, քանի որ ռազմական դրությունը դեռ վերացված չէ, եւ հրահանգ են խնդրել։ Նա ասել է․ ուզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք։  Այսինքն, որոշում կայացնելու պատասխանատվությունը թողել է զինուժի ղեկավարների վրա, որոնք կարծում են, որ այս պահին հարցին միայն քաղաքական լուծում կա։ Սակայն քաղաքական լուծումն էլ անհնարին է, քանի որ, ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ՀՀ վարչապետը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ եւ միջամտություն խնդրել, սակայն Վլ․ Պուտինը կապի դուրս չի եկել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Արցախի մնացորդների նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա մասնավորաբար ասել է. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում եւ թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»: Այսպիսով ուղղակիորեն Արայիկ Հարությունյանը գնդակն ուղարկում է Նիկոլ Փաշինյանի դաշտ՝ մեղավորությունն ամբողջովին բարդելով նրա վրա: Այս ուղերձից անմիջապես հետո հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, ուր վերջինս բառացիորեն ասում է հետեւյալը. «Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Սա ինքնապաշտպանության ամենացցուն օրինակն է: Ցավոք, Փաշինյանն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե ով է թիվ մեկ մեղավորը, եթե դա, այսպես կոչված, «գերագույն գլխավոր հրամանատարը չէ»: Մի խոսքով, Արցախի եւ Հայաստանի ղեկավարների պաշտոնները դեռեւս զբաղեցնող անձինք փաստացի «պինգ-պոնգ» են խաղում, Փաշինյանն էլ ամուր կառչած է աթոռին՝ դարձյալ վկայակոչելով ժողովրդին, իսկ այդ ընթացքում թշնամական երկիրը նորանոր լկտիություններ է թույլ տալիս, նոր գերիներ ենք ունենում, նոր տարածքներ ենք կորցնում, իսկ երկիրը բառիս բուն իմաստով սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ է: Ի դեպ, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում խմբագրում է արել եւ նշել. «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու եւ դուրս եմ գալու քաղաքականությունից»: Շատերի համոզմամբ, սա եւս հստակ ակնարկ է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձեւերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները: Նշենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները, որոնք փաստորեն չեն սահմանափակվելու միայն երթերով եւ հանրահավաքներով: «Երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը, հայտարարվում է պայքարի ամենավճռական օր: Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների եւ անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», – ասաց Սաղաթելյանը` այդ օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով: Այս մարտավարության մասին լսելուց հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին արդեն հանձնարարություն է տրված զգոն լինել, փորձել այնպես անել, որ ձերբակալություններ լինեն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդների մակարդակով, որպեսզի մինչ նախատեսված օրը ընդդիմադիր ուժերը առաջնորդներ չունենան՝ հույս ունենալով, որ պայքարն այդպես կթուլանա եւ շարունակություն չի ունենա»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են Կարեն Առուստամյանի թեկնածությունը կրկին առաջադրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում, ինչը օրենքի կոպիտ խախտում է, որովհետև ընդհանրապես իրավաբանորեն և նաև ԱԺ Կանոնակարգ օրենքի 145-րդ հոդվածի 12-րդ մասով պետք է առաջադրվի նոր թեկնածու։ Մենք տեղեկացանք, որ այս պահին ընթանում են ակտիվ բանակցություններ և ԱԺ աշխատակազմին հանձնարարվել է գտնել հարցի իրավական լուծում»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու՝ այս տարվա վերջին նիստը, եւ ավագանու ընդդիմադիր անդամները հույս ունեն, որ գոնե այս անգամ նիստը կվարի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բանն այն է, որ քաղաքապետը երկար ժամանակ է, ինչ չի հաճախում աշխատանքի, նրա հետ մի քանի աշխատակիցներ շփվում են առցանց ձեւաչափով. մեծամասնության համար քաղաքապետն անհասանելի է ու անտեսանելի: Իսկ ավագանու առաջիկա նիստը իսկապես թեժ նիստ է լինելու. օրակարգում 23 հարց է լինելու: Արդեն հայտնել էինք, որ օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Երեւան քաղաքի բյուջեի նախագիծը` երկու տեսքով՝ պարգեւավճարներով եւ առանց դրա: Այսինքն` քաղաքապետն իր եւ աշխատակիցների պարգեւավճարներ ստանալու հարցը թողել է ավագանու որոշման: Մինչդեռ նախկինում ինչ ցանկացել, միանձնյա որոշել է` փաստի առաջ կանգնեցնելով «Իմ քայլի» թիմին: Բացի բյուջեից, առանձին հարցով քննարկվելու է նաեւ մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: Թեժ քննարկում է սպասվում նաեւ Երեւանի փոխքաղաքապետի ընտրության հարցում, որը պետք է փոխարինի Տիգրան Վիրաբյանին: Որպես թեկնածու ներկայացվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը, որն արդեն արժանացել է ընդդիմադիր խմբակցությունների անդամների քննադատություններին: Ընդդիմադիրները նշում են, թե որպես ավագանու անդամ՝ նա բանիմաց է, սակայն փոխքաղաքապետ լինել եւ այդքան մեծ ոլորտ կառավարել չի կարող»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում պաշտոնանկ կարվեն երկու սոցապփոխնախարարներ Ռուբեն Սարգսյանն ու Սմբատ Սաիյանը։ Մեզ ասացին, որ նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը որոշել է յուրայիններին առաջ հրել եւ փոխնախարար կնշանակի իր խորհրդական Աստղիկ Մինասյանին, ում համարում է իրեն հավատարիմ մարդ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձեւավորման գործընթացը։ Այդ շրջանակներում առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները։ Մեր տեղեկություններով, առաջին հերթին ուժայինները՝ ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, գլխավոր դատախազ։ Փոփոխություններ կլինեն նաեւ խորհրդարանում, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը կդառնա ԱԺ նախագահ․ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Արայիկ Հարությունյանի կուսակից, արդեն նախկին կուսակից Արթուր Սարգսյանը։ ԱՀ նախագահը երեկ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս գալու մասին եւ ուղերձ հղեց, որով, ըստ էության, ազդարարեց իշխանության թավշյա փոխանցումը Վիտալի Բալասանյանին։ Ավելին, նա հրապարակած ուղերձը խմբագրելուց հետո խոստացավ․ «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, եւ ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու եւ դուրս եմ գալու քաղաքականությունից»: 


«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի շրջապատում խոսում են, որ Բաբայանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, նույնիսկ ավելի շատ, քան Արայիկ Հարությունյանը, որովհետեւ մեծ թվով հարցեր ՀՀ-ից ուղիղ նրա հետ են խոսվել, պայմանավորվել, որոնց մի մասին նույնիսկ Ա.Հարությունյանը չի տիրապետել։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բաբայանը փորձում է Արցախի տարբեր կարող ուժերի, դեմքերի հետ կապի դուրս գալ՝ պահպանելու ազդեցությունը ներքաղաքական գործընթացներում, սակայն հատկապես պատերազմական գործողություններից հետո նրա նկատմամբ վստահությունն էլ ավելի մեծ նահանջ է ունեցել՝ նրան զրկելով Արցախում «տեղավորվելու» նոր հնարավորությունից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը նոյեմբերի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից եւ այժմ ուսումնասիրվում է։ Պարզվում է, որ ընկերությունն առաջարկում է սակագները բարձրացնել: Իսկ նոր սակագները նախատեսվում է կիրառել հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Օրինակ, ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ: Այսինքն 270 դրամով այն, հնարավոր է, թանկանա: Իսկ պատվիրված նամակի (մինչեւ 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկում է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ: Բացի այս, նկատենք, որ որոշ ծառայությունների սակագներ հեռացվում են, իսկ մի մասն էլ մնալու է նույնը: Հավելենք, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «Հայփոստ»-ի հայտը, հետեւաբար հնարավոր է, որ ընկերության առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն:Ի դեպ, ըստ ընկերության՝ սահմանված սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանման ծառայություններից էժան է 40%-ով։ Մյուս կողմից, ենթադրվում է, որ ընկերությունը վնասներ է կրում, ինչն էլ փոքր-ինչ մեղմացնելու նպատակով սակագների վերանայման հայտ է ներկայացրել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները հավաստիացնում են, որ մինչև տարեվերջ և՛ ՀԷՑ-ը, և՛ «Գազպրոմ Արմենիան» կդիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով բարձրացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իրենց առաջարկը հիմնավորելով դրամի գրեթե 10 տոկոսով արժեզրկմամբ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են, որ բարձրացումը տեղի ունենա ջեռուցման սեզոնի ավարտին, որպեսզի բնակչությունը շատ ծանր չտանի դրա հետևանքները»: