VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել՝ ոչ թե ստատիկ հանրահավաքներ անել, այլ՝ դինամիկ երթեր։ Ամեն անգամ մայրաքաղաքի նոր հատվածից է մեկնարկում երթը, որ հնարավորինս շատ մարդու ընդգրկեն։ Նախօրեին երթ արեցին Արաբկիր համայնքից, երեկ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից շարժվեցին դեպի կենտրոն՝ հասնելով Օպերա։ Ու հակառակ պնդումներին, թե «ժողովուրդը չի պահանջում հրաժարական», ընդդիմության երթերին օր-օրի ավելի շատ մարդ է միանում, այդ թվում՝ նրանք, որոնք կողմ չեն նախկիններին, բայց դեմ են ներկաներին։ Ի դեպ, ընդդիմության հավաքներին չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը։ Թիմակիցներն ասացին՝ առաջիկայում անպայման կմասնակցի հանրահավաքներին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ տեղի ունեցած հանդիպումից: Իշխանությունները լայն թափով սկսել են լծվել Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների գործին: Չնայած հանձնաժողովը վաղուց գործում էր, սակայն մինչ այժմ աչքի էր ընկնում անարդյունավետ աշխատանքով. Դրա համար հիմա փորձում են ավելի արագ աշխատանքները կազմակերպել, քանի որ հասկանում են՝ պահանջ կա արտահերթ ընտրությունների անցկացման: Եվ, ահա, երեկ, մեր տեղեկություններով, հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացրել է, թե ինքն ինչպես է պատկերացնում կատարվելիք փոփոխությունները, ասել է, որ ավելի կողմնակից է ամբողջական համամասնական ընտրակարգի` վերացնելով ռեյտինգային ընտրակարգը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, ներկայումս վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նախարարն էլ, պատգամավորներն էլ ներկայացրել են իրենց տեսակետները, սակայն, մեր տեղեկություններով, խնդիրն այն է, որ չնայած այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սակայն խմբակցության ներսում ծանր իրավիճակ է, քանի որ կա մի հատված, որը կարծում է՝ իշխանությունները որեւէ ձեւ չեն կարող տրամադրություն փոխել երկրում, եւ կարծում են՝ կոնկրետ քայլեր են պետք ձեռնարկել, որպեսզի ճգնաժամը երկրում հաղթահարվի: Բայց նրանք դա ասում են մեղմ, ակնարկներով եւ շատ զգուշորեն: Բայց, ամեն դեպքում, թիմում բարձրաձայնում եղել է, որ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններով մարդկանց տրամադրությունը չի փոխվի, եւ պետք է առաջիկայում հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի եւ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։ Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։ Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաեւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։ Այդուհանդերձ, հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա․ Հարությունյանի լծակերը։ Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են եւ Վիտալի Բալասանյանը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին։ Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ հրապարակված հեռախոսային խոսակցությունը, որտեղ Հարությունյանը բողոքում էր, որ 10 օր է՝ խնդրում է զորք ուղարկել, Փաշինյանը չի ուղարկում, Արցախի նախագահի գիտությամբ է տարածվել, որ իրեն ուղղված դժգոհությունների ալիքը մեղմվի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական ներկապնակը գունազարդել են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք տարբերակված մոտեցում են ցույց տվել երեւույթներին եւ անհատներին` մշտապես հասարակությանը, դերակատար ուժերին ու գործիչներին բաժանելով մերոնքի եւ ձերոնքի: Հիմա իրավիճակն ավելի է սրվել. Իշխանությունն իր հերթին է մերոնք ու ձերոնքի բաժանում անում, ընդդիմությունն` իր: Յուրաքանչյուր կողմ իրավիճակը սրում է, ինչպես կարող է: Ընդ որում, մամուլի նկատմամբ եւս բեւեռացումը ակներեւ է. էլի դաշտը մերոնքով ու ձերոնքով է հագեցել: Օրինակ` «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Մարդ, որ հավակնում է դառնալ միասնական վարչապետի թեկնածու, մեր երկիրը դուրս բերել ճահճից, մեկ տարուց ընտրություն կազմակերպել, քննադատում է գործող իշխանությանը` տարբերակված մոտեցման համար, ընտրովի լրատվամիջոցների հետ է հանդիպել: «Մեզ հանրային համերաշխություն է պետք». տողերի հեղինակը, օրինակ, ArmLur.am լրատվական կայքին, «Ժողովուրդ» օրաթերթին չի հրավիրել հանդիպման:
Փորձեցինք, իհարկե, պարզել պատճառները, Վազգեն Մանուկյանի լրատվության հարցերի պատասխանատու Անի Գասպարյանն ասաց, թե դիտավորություն չկա, բայց եւ անհասկանալի մնաց՝ ինչ սկզբունքով են ընտրվել համայն ժողովրդի վարչապետի թեկնածուի հետ հանդիպման գնացած լրատվամիջոցները: Իհարկե, առիթներ դեռ կլինեն Վազգեն Մանուկյանին հանդիպելու, իրեն ոչ դուրեկան հարցեր հնչեցնելու եւ պատասխանները ստանալու համար, բայց, ամեն դեպքում, պետք է այսօրվանից արձանագրել, որ իրեն համերաշխության ու միասնականության սիմվոլ հռչակող մարդն արդեն իր երկու քայլով պառակտում մտցրել է հասարակության մեջ. մեկ, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է շփվում, երկրորդ` համերաշխությունից խոսելով հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չգնաց, «զոռով կհանենք»: Իսկ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը տարբերվում գործողից, որի դեմ շարժում է ձեւավորվել, եւ նախկիններից, որոնց հասարակությունն արդեն մերժել է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ այս կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս օրերին տարբեր հանդիպումներ են ունենում այլ կուսակցությունների և անհատ քաղաքական գործիչներ հետ՝ նրանց համոզելով միանալ իրենց դաշինքին: Նպատակը թերևս ցույց տալն է, որ դաշինքն օրեցօր ավելի լայն քաղաքական և հասարակական աջակցություն է ստանում: Բայց դատելով արդյունքներից, այդ փորձերն այնքան էլ արդյունավետ չեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2 շաբաթ առաջ հրավիրել է Երեւանի ավագանու 3 խմբակցությունների ղեկավարներին՝ 2021 թ․ բյուջեն քննարկելու: Ներկայացրել է բյուջեի 2 նախագիծ, մեկը՝ պարգեւավճարներով, մյուսը` առանց: Սա 3-րդ տարեկան բյուջեն է, որ ընդունում է Մարությանը։ Նախորդ 2 տարին երբեւէ չի նախաձեռնել ընդդիմադիրների հետ բյուջեի նախնական քննարկում․ միշտ իրենք կազմել են, ուղարկել՝ առաջարկություններ ստանալու։ Ընդդիմադիրներն ասել են, որ պահանջում են կառավարության հրաժարականը եւ հիմա չեն պատրաստվում Մարությանի հետ բյուջե քննարկել, ու հիշեցրել են, թե ժամանակին քանի առաջարկ են արել, բայց իրենց կարծիքը հաշվի չի առնվել: Բայց հասկացել են, որ Մարությանն ուզում է պարգեւավճարների հարցը թողնել ավագանու վրա` ազատվելով պատասխանատվությունից ու հետագա քննադատություններից: Սակայն արդյունքում մնացել է «Իմ քայլի» հույսին, որը հաջորդ տարվա համար 1 մլրդ-ի պարգեւավճարներ է առաջարկել, ինչը պակաս է նախորդից, որպեսզի աղմուկ չբարձրանա, բայց պարգեւավճարներ էլ ստանան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները գուժեցին, որ Արցախի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերը վերջնականապես անցան թշնամուն։ Վերջին օրերին այս համայնքների համար թեժ մարտեր էին ընթանում, մի պահ հայտարարվեց, թե գյուղերը ռուս խաղաղապահների ջանքերով կմնան հայկական վերահսկողության տակ, մինչդեռ երեկ հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ դրանք եւս հանձնվել են։ ՀՀ պատկան մարմինները որեւէ պարզաբանում չեն ներկայացնում սրա վերաբերյալ։ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում գիտե՞ն, թե ինչու այդ համայնքները հանձնվեցին հակառակորդին։ «Այդ հարցը պետք է տաք Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին, որոնցից մեկը համաձայնություն է տվել, մյուսն էլ ստորագրել է խայտառակ հայտարարությունը, բայց այսօր չեն կարողանում պահել դրա ոչ մի կետը։ Ես չգիտեմ, թե ոնց են տվել, բայց, այո, լսել եմ, որ մերոնք դուրս են եկել այդ համայնքներից»։ Իսկ Վիտալի Բալասանյանը, ով այժմ համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, պաշտոն է ստացել, այս երկու համայնքների հարցում չի՞ կրում պատասխանատվություն։ Գալստյանն ասաց, որ ինքը վերջին օրերին Հայաստանում է եղել եւ հիմա Արցախ վերադարձի ճանապարհին է, չի խոսել Բալասանյանի հետ․ «Վիտալի Բալասանյանը, չգիտեմ՝ այդ պայմանագրի կետերը պահպանելու համար կրում է պատասխանատվություն, թե ոչ, ես տեղյակ չեմ, վերադառնում եմ, կխոսեմ»։ Դիտարկմանը, թե իշխանությանը մաս կազմելով՝ արդեն իսկ ստանձնել է պատասխանատվություն, Գալստյանը չհակադարձեց, միայն ասաց․ «Ես չեմ խոսել իր հետ, դրա համար եմ ասում, որ ինձ ոչինչ հայտնի չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզում բնակարանների գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի մարզային քաղաքներից մի քանիսում բնակարանների գները նվազել են, մյուսներում բարձրացել: Ի դեպ, ՀՀ մարզային որոշ քաղաքներում բնակարանների գները փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերին Աբովյան քաղաքում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 187 հազար դրամ, իսկ հոկտեմբերին այն թանկացել է՝ դառնալով 188 հազար 300 դրամ: Նույն մարզի Նոր Հաճնում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1200 դրամով, սեպտեմբերին մեկ քմ-ի գինը կազմել է 130 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 131 հազար 200 դրամ: Եղվարդում թանկացումը կազմել է 500 դրամ, Հրազդանում՝ 1000 դրամ, Չարենցավանում՝ 900 դրամ: Իսկ, ահա, տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է՝ 280 հազար դրամից դառնալով 281 հազար 300 դրամ: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով, այստեղ բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին առաջարկվել է 103 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 103 հազար 500 դրամով: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում բնակարանի գինը 900 դրամով է էժանացել, իսկ էջմիածնում և՛ սեպտեմբերին, և՛ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 160 հազար 200 դրամ: Բնակարանների գները նվազել են Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Գորիսում, հջևանում, Եղեգնաձորում, Վայքում, Աշտարակում, Ապարանում: Իսկ, ահա, Արտաշատում բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 128 հազար դրամով, հոկտեմբերին՝ 128 հազար 500 դրամ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այս համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. հուլիսի 16-ին և նախատեսում է, որ Ղազախստանից նավթամթերքի ներմուծումը ազատվում է մաքսատուրքից: Համաձայնագրի ամբողջ հմայքն այն է, որ դրանով նախատեսվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հստակեցվեն Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներմուծվող նավթամթերքի չափաքանակները՝ թերևս այն նպատակով, որ Ղազախստանից ներմուծվող նավթամթերքը բացասաբար չազդի Ռուսաստանից ներմուծվողի սպառման ծավալների վրա»: