VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտ կանուխ ԱԺ «Իմ քայլը» նիստ է հրավիրել։ Խմբակցության ղեկավարը պատգամավորներին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը, այն է՝ բոլորը մեկ մարդու պես դուրս գան իրենց թաքստոցներից, շփվեն մարդկանց հետ, խոսեն իրենց անելիքների մասին, բացատրեն, որ իշխանությունն այս պատերազմում մեղք չունի, ճիշտ հակառակը՝ հայտնի փաստաթղթով հազարավոր կյանքեր են փրկվել։ Ասվել է, որ պատգամավորներն իրենց մարզերում, իրենց ընտրատարածքներում այցելեն պատերազմում զոհված, վիրավորված կամ անհետ կորած մարդկանց ընտանիքներին, ցույց տան, որ նրանց կողքին են, քանի որ մեկուսացումը լավ տեղ չի տանի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Նախ՝ շաբաթ երեկոյան նա կառավարական իր առանձնատանը հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից իր մտերիմներին, մի քանի ժամ քննարկում ունեցել: Իսկ արդեն կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետը ՀՀ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա ներկայացրել է այն իրավիճակը, որ եղել է Հադրութի շրջանում, եւ խոսել սպասվող զարգացումների մասին: «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, հենց այս հատվածին է վերաբերում», – ասել է նա: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԽ նիստի փակ հատվածում տեղի ունեցած քննարկումներից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ժամանակ խոսվել է նաեւ Մեղրիի մասին, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ պետք է տարածք հանձնենք նաեւ Մեղրիից: Սակայն Փաշինյանը հերքել է եւ ասել, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը, հրահրում, եւ իրենք պատրաստ են, անգամ դիմել են ՀԱՊԿ-ին եւ ասել՝ եթե հարձակում լինի, պետք է պաշտպանեն Հայաստանին: Այսինքն՝ այս անգամ Հայաստանը նախապես է պատրաստվում հնարավոր սահմանային ոտնձգություններին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեեւ դեռ պահում է իշխանությունը, սակայն կորցրել է հարգանքն անգամ յուրայինների շրջանում։ Նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկից առաջ Փաշինյանի արարողակարգը հատուկ մտել եւ զգուշացրել է ներկաներին, որ Փաշինյանի՝ սենյակ մտնելիս բոլորը ոտքի կանգնեն։ Ի դեպ, դա արարողակարգի մաս լինելուց բացի տարրական հարգանք է պետական ինստիտուտի նկատմամբ։ Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անգամ զգուշացումից հետո ոտքի չի կանգնել, ուշագրավ է, որ Մարուքյանը՝ ինքը, եւ իր մասը դուրս են մնացել պաշտոնական լրահոսից, եւ վարչապետի կայքում նիստի մասին տեսանյութում երեւում է միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով չուզենալով՝ ոտքի է կանգնում։ Իսկ ինչ վերաբերում է նիստի բովանդակային հատվածին, մեզ ասացին, որ Փաշինյանը հատկապես ծանրացել է օրերս ասպարեզ նետված քարոզչական տերմինի՝ «մեդիատեռորի» վրա, լրատվամիջոցներին մեղադրելով իրենց դեմ աշխատելու մեջ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն այն է, որ նա զորքի տեղաշարժ է իրականացրել՝ ներքաղաքական պրոցեսները կառավարելու համար։ Մեր հավաստի աղբյուրը՝ պաշտպանության նախարարությունից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ եւ ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։ Գասպարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ համար։ Ասել է՝ հատուկ պահպանության օբյեկտները պաշտպանելու։ Օնիկ Գասպարյանն ասել է՝ քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու եւ քաղաք չի բերվելու։ Սրանով ավարտվել է խոսակցությունը, որից հետո Գասպարյանը կապվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ եւ ներկայացրել իրենց խոսակցությունը՝ խնդրելով, որ եթե վարչապետն իրեն էլ դիմի նույն հարցով, նույն պատասխանը լսի պաշտպանության նախարարից։ Նախարարը խոստացել է խոսել վարչապետի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր մարզպետներն իրենց տարածքներում, կարելի է ասել, անգլիական թագուհու կարգավիճակում են հայտնվել՝ փաստացի չեն տիրապետում իրավիճակին, համայնքապետերն այլեւս չեն ենթարկվում նրանց, մարզխորհրդի նիստերը կա՛մ չեն կայանում, կա՛մ դրանց մասնակցում են հատուկենտ համայնքապետեր։ Չնայած դրան, իշխանությունը գնում է ոչ թե հանրային համերաշխության մթնոլորտ ձեւավորելու ճանապարհով, այլ ավելի է սրում իրավիճակը։ Մեր տեղեկություններով, մարզպետներին հրահանգված է՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, հանրային հավաքներ կազմակերպել բոլոր այն համայնքներում, որոնց ղեկավարները հրապարակային հայտարարել են վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին։ Համացանցում մի քանի օր է՝ տարբեր համայնքներից նման տեսանյութեր են տարածվում, որտեղ Փաշինյանի աջակիցները 10-20 հոգով հավաքվում են գյուղամիջում եւ քննադատում ընդդիմադիր 17 ուժերին»:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այլ հարց է, որ փորձագետների եւ հանրության գերակշիռ մեծամասնության համոզմամբ, նման կամարտահայտություն ու կամարտահայտման հավաստի արդյունքներ վաղուց կան, ինչն ակհնայտ է նույնիսկ անզեն աչքով, իսկ այսպիսի հայտարարությունները փաստացի նպատակ ունեն պարզապես երկարաձգել պաշտոնավարումը: Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ Փաշինյանը դիտարկում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս առումով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հասել. ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը նախատեսում է որքան հնարավոր է դիմադրել իր հրաժարականի համաժողովրդական պահանջին եւ մայիսին կամ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնել: Կարեւորը, որ այդ ժամանակ իրենք լինեն իշխանության, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ ապահովել իրենց վերարտադրությունը: Մեր կառավարական աղբյուրի փոխանցմամբ, հենց այդ նպատակով էլ իրականացվում են կադրային տեղաշարժերը հատկապես մարզպետների մակարդակով: Ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակահատվածը իշխանությունները նաեւ ուզում են օգտագործել «անհնազանդ» համայնքապետներին անվստահություն հայտնելու, քրեական գործեր հարուցելու համար, որպեսզի մարզերում ամբողջ վարչական ռեսուրսը «յուրային» լինի եւ իրավապահ համակարգի հետ իր «գործն անի» ընտրություններում»:
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է հայ համայնքը և հայկական լոբբիստական խմբերի ազդեցությունը պետական ապարատի ու կառավարող շրջանակների վրա։ Վերջին օրերին Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, բողոքի ակցիաներից զատ, հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջ պարունակող հայտարարություններով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստը Հայաստանի գործող իշխանությունները բավականին ցավոտ են ընդունել։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 3-4 օրերի ընթացքում եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպաններին հատուկ հանձնարարական է տրվել, որպեսզի ջանքեր գործադրեն՝ կանխելու Փաշինյանի դեմ ուղղված այդ արշավները։ Մասնավորաբար, դեսպաններին հորդորվել է հանդիպել տեղի հայ համայնքի ղեկավարների, բիզնես շրջանակների հետ, համոզել նրանց։ Ի դեպ, մեր տեղեկություններով, որոշ երկրների դեսպաններ մտահոգություն են հայտնել, որ իրենց ազդեցությունը համայնքի վրա բավական փոքր է, սակայն իշխանությունները պնդել են, որ ամեն գնով հասնեն դրական արդյունքի, հակառակ դեպքում «տեղները կզիջեն այլոց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները ևս խաղաղ չեն, և շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել դատախազների հայտարարության տեքստը: Ստորև ներկայացնում ենք դատախազների հայտարարությունից մի հատված. «Ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին: Մենք մշտապես առաջնորդվել ենք օրենսդրական այն պահանջով, որ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Սակայն այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսևորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մի մաս ենք կորցրել: Եվ ինչպե՞ս պահպանել քաղաքական չեզոքություն, երբ չեզոք լինելը նշանակում է համակերպվել այս իրողության հետ և հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը: Մեծ պատիվ կհամարենք վերադառնալ դատախազության համակարգ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր հայրենիքի այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ և համազգային շահերով մտահոգ իշխանություն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռանալը բխում է նաև իր իսկ շահերից։ «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ նշեց, որ Արա Աբրահամյանը ունի ՀՀ անձնագիր, սա նշանակում է, որ ինքը իրավունք ունի նման հայտարարություններ անելու, քանի որ պատերազմի ժամանակ օդանավերով, ավտոմեքենաներով հսկայական օգնություն է հասցրել։ Նրա խոսքով՝ համայնքը գտնում է, որ միակ փրկությունն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա։ Բոլոր համայնքային ղեկավարները դա են պնդում։ Ամեն մեկը, տեսնելով Հայաստանի վիճակը, կարծում է, որ պետք է Փաշինյանը հրաժարական տա, բայց չեն ցանկանում նախկիններին տեսնել Հայաստանում իշխանության։ Մենք ցավում ենք մեր Հայաստանի հզորության, մեր Հայաստանի ապագայի համար։ Արա Աբրահամյանն արտահայտում է բոլոր համայնքային ղեկավարների ցանկությունը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին Երասխ գյուղի տարածքում, որտեղ նոյեմբերի 9-ին խոցվել էր ռուսական «Մի-24» ուղղաթիռը, ի հիշատակ զոհված ռուս սպաների՝ տեղադրվեց հուշաքար, որտեղ հետագայում կառուցվելու է հուշահամալիր: Հուշաքարի բացմանը ներկա էին բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից: Սակայն ներկա չէր ՔՊ-ի և «Իմ քայլի» որևէ ներկայացուցիչ: Իշխանությունը ներկայացված էր միայն Արարատի մարզպետի մակարդակով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը հետաքրքիր զարգացումների է հանգեցրել։ Նախ՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, Բալասանյանը հայտարարել է, որ անիմաստ է համարում Արցախի նման փոքր երկրում ԱԽ քարտուղարի ահռելի աշխատակազմ պահելը, երկրորդ՝ վտանգավոր է համարում ծանոթ-խնամի սկզբունքով աշխատանքային թիմի ձեւավորումը։ Մեր տեղեկություններով, Բալասանյանը առաջիկայում հաստիքների կրճատումներ է կատարելու, իսկ աշխատակազմում պահելու է միայն պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե կուսակցական ֆունկցիոներներին։ Այս գործելաոճն անհանգստացրել է Բալասանյանի հետ առանց այդ էլ վատ հարաբերություններ ունեցող ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, որն իր քաղաքական թիմին աշխատանքով ապահովելու նպատակով 5-6 տասնյակի հասնող աշխատակազմ էր ձեւավորել, այնինչ նախկինում ԱԽ քարտուղարին 3-4 աշխատակից էր օգնում։ Սամվել Բաբայանին նաեւ զայրացրել է այն հանգամանքը, որ Բալասանյանին մեծ լծակներ են տրվել, եւ նա համարում է, որ դա արվել է իր հաշվին՝ նաեւ իր ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Ի դեպ, Վիտալի Բալասանյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելով եւ ստանալով մեծ դերակատարություն՝ ունեցել է կարեւոր նախապայման՝ ցանկացած պահի ՀՀ իշխանությունների հասցեին ասել այն, ինչ համարում է ճիշտ։ Ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանն այլ ելք չի ունեցել, քան ընդունել այդ նախապայմանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իբր քիչ էր, որ պետական կառավարման օղակներում 2,5 տարի անկառավարելիություն ու քաոս է, մի բան էլ աշխատակիցները կրակն են ընկել արագ-արագ փոխվող ղեկավարների ձեռքը։ Երկրի համար ռազմավարական ոլորտ համարվող կրթությունը, որը Արայիկ Հարությունյանի թեթեւ ձեռքով լրիվ քարուքանդ եղավ, հիմա էլ վստահվել է մի մարդու, որն այդ ավերակներն իբր պիտի ղեկավարի։ Սակայն, ասում են, նա ոլորտից հասկանում է այնքան, որքան իր նախորդը։ Ինչ խոսք, Վահրամ Դումանյանի մուտքը բավական «հաջող» եղավ՝ պատերազմի սարսափելի իրողությունների այս օրերին հրապարակ նետվեց ռեկտորների նշանակման աղմկահարույց նախագիծը։ Լեւոնականի համբավ ունեցող նախարարը, ասում են, ընդամենը արտաքին շղարշն է, հետեւում կրկին Արայիկ Հարությունյանն է, նա շարունակում է ոլորտում իր քաղաքականությունը թելադրել։ Դրա վառ օրինակն այս օրենքի փոփոխությունն էր, որը մշակվել էր հենց նրա ժամանակ, իսկ Դումանյանն ընդամենը շրջանառության մեջ դրեց այն՝ առանց տառ կամ բառ փոխելու»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ է մղում ոչ միայն Արցախում: Թուրքիան Հայաստանին ենթարկում է ջրազրկման, որի ակնհայտ դրսևորումը Ախուրյանի ջրամբարի դատարկ լինելն է: Անցյալ տարվա համեմատ ջրամբարում այս տարի 100 մլն խորանարդ մետրից պակաս ջուր կա, և դրա պատճառն այն է, որ ջրամբարը սնող գետերի վրա Թուրքիայում կառուցվել են նոր ջրամբարներ: Եթե կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի, մյուս տարի Արարատյան դաշտը կմնա առանց ոռոգման ջրի, որի հետևանքները աղետալի կլինեն ամբողջ Հայաստանի համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 8-ին կառավարության նիստում ընդունված 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւի, չափի, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձեւի, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաեւ դիմումի քննարկման եւ աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծի ընդունումից հետո եղել են անձինք, որոնք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին են դիմել եւ ներկայացրել այնպիսի հիմնավոր փաստաթղթեր, թե, իբր, իրենք մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժել են եւ կորցրել են առողջությունը՝ այդկերպ ցանկանալով կառավարությունից ստանալ 15 միլիոն դրամ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ Ռուզաննա Ազրոյանը 2019 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՀՔԾ պետին դիմում է 15.000.000 ՀՀ դրամ ստանալու համար: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռուզաննա Ազրոյանի մոտ ախտորոշված հիվանդության պատճառահետեւանքային կապի վերաբերյալ վերը նշված ձեռագիր գրառումները բացակայել են: Այս արարքի համար վերոնշյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-178 հոդվածներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն վերսկսել է աշխատանքը, այլեւ վերջին երկու ներկայացումներն անցկացրել է լեփ-լեցուն դահլիճում եւ առաջիկա համերգի տոմսերը եւս սպառվել են: Ֆիլհարմոնիկ նվագախումբն անգամ հայտարարություն էր տարածել՝ գրելով. «Ծանր իրադարձություններից հետո համերգասրահ վերադառնալը ունկնդրի համար ուրախություն է. ասես տուն վերադառնաս երկար բացակայությունից հետո»: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է Ֆիլհարմոնիկի լրատվության պատասխանատու Աստղիկ Դալաքյանի հետ: «Երկար լռությունից հետո համերգ եղավ, վերջին համերգը եղել էր մարտին: Այդ ընթացքում ամբողջական նվագախմբող համերգ չէինք ունեցել: Առաջին համերգը եղել է դեկտեմբերի 11-ին եւ նվիրված էր Արցախյան հերոսներին: Մենք ունենք համերգ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին եւս: Տոմսերը վաճառվում են, հանդիսատեսը ներկա է լինում համերգին՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով», – նշում է նա»: