23.11.2024
Մամուլ. Սամվել Կարապետյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ է խոստացել Կարեն Կարապետյանը Վազգեն Մանուկյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատերն են հիշում 1996 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածը նախագահական ընտրությունների շեմին սկսեց հարել Վազգեն Մանուկյանին, ում շուրջ հավաքվեցին քաղաքական ուժերը, բիզնեսը, մտավորականությունը եւ ընտրություններում հաղթելու լուրջ հայտ ներկայացրին։ Հիմա էլ թեեւ Վազգեն Մանուկյանը տարիքն առել է, եւ շատերը դեմ են նրա վարչապետացմանը, բայց մեծ թվով մարդիկ հասկանում են, որ այս պահին այլընտրանք գրեթե չկա, եւ հարկադրված են աջակցել «Վազգեն Մանուկյան-պրոյեկտին»։ Մենք տեղեկացանք, որ այս օրերին նրա հետ են հանդիպում շատ մարդիկ՝ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, օրինակ, նրան են սատարում ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է նրա հետ եւ խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում չեն դադարում դժգոհություններն իշխանություններից ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակից, ու դրանք ավելի են խորանում: Եվ թեեւ շատ պատգամավորներ այս պահին չեն լքում խմբակցությունը, որոշներն էլ մանդատներն են վայր դնում, այնուամենայնիվ, խմբակցության ներսում իրավիճակն առաջվանը չէ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ հարթ չի ընթանում «Իմ քայլի» ներսում, եւ նույնիսկ նիստերը հնարավոր չի լինում ավարտել կամ ամփոփել մեկ դիրքորոշմամբ. այն գրեթե միշտ ավարտվում է վիճաբանությամբ: Եվ այս համատեքստում «ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ առաջիկայում կտրուկ քայլ է անելու նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր դարձել Սյունիքի մարզից: Այս որոշման պատճառն իր հայրենի մարզում տեղի ունեցող իրադարձություններն են սահմանազատման աշխատանքների մասով, եւ շատ դեպքերում գյուղացիների հողատարածքներն անցել են ադրբեջանական կողմին, եւ վերջիններս բողոքում են: Տիգրան Կարապետյանն էլ, ի նշան բողոքի, մտադրություն ունի խմբակցությունից դուրս գալ: Սակայն, մեր տեղեկություններով, նրա հետ այս օրերին զրույցներ են ունենում, խնդրում են գոնե հիմա նման քայլի չդիմել: Գրեթե ամեն օր նրան է զանգահարում խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ ասելով, որ եթե ցանկանում է հեռանալ, թող մանդատը վայր դնի եւ չհարվածի թիկունքից, սակայն Կարապետյանն էլ ասել է՝ ինքը կորոշի, թե ինչպես վարվել: Հավելենք, որ նա երկար ժամանակ է, ինչ խորհրդարան չի գալիս»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Երեկ խմբակցությունը բախվեց մի իրավիճակի, երբ տարրական աշխատանքային քվեարկություն չկազմակերպելու պատճառով Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Նա այն թեկնածուն էր, որին մոտ 2 տարի իշխող թիմը փնտրում էր, վերջապես գտավ կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ պետական ծառայողի, որը համապատասխանում էր ՀՊ թեկնածուի բոլոր պահանջներին, նա չընտրվեց ընդամենը մեկ ձայնի պատճառով: Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր: Անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 79 «կողմ» եւ 3 «դեմ»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ այդմ, որոշումը չի ընդունվել. անհրաժեշտ էր նվազագույնը 80 կողմ ձայն։ Եվ այս իրավիճակի պատասխանատուն իրականում հենց իշխող խմբակցությունն է, քանի որ նրանք հա՛մ առաջադրել էին Առուստամյանին, հա՛մ էլ չկարողացան 85-հոգանոց խմբակցությունով 80 կողմ ձայն ապահովել, մինչդեռ նրանք պարտավոր էին պատշաճ կազմակերպել քվեարկությունը անլուրջ տպավորություն չթողնելու համար։ Եվ չի բացառվում, որ նույն տարրական անկազմակերպվածության պատճառով առաջիկայում եւս խմբակցությունը նման խնդիրների բախվի: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորների թեկնածուները երեկ հրաժարվեցին գալ խորհրդարան՝ մտավախությամբ, որ իրենց ընտրությունը վտանգի տակ կարող էր հայտնվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանը տապալեց Կարեն Առուստամյանի ընտրությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում․ գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն ստացավ 79 կողմ, 3 դեմ ձայն եւ չընտրվեց այդ պաշտոնում, քանի որ պահանջվում էր 81 կողմ։ Մինչդեռ նույն ընտրության ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը ստացել է 81 կողմ ձայն, ըստ այդմ՝ ընտրվել ԿԲ խորհրդի անդամ։ Կարեն Առուստամյանի նկատմամբ իշխող խմբակցությունը, կարելի է ասել, մանկապարտեզային պահվածք է դրսեւորել՝ մերժելով իր կողմից առաջադրված թեկնածուին միայն այն բանի համար, որ նա, այսպես կոչված, նախկիններից է։ Բանն այն է, որ Կարեն Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լեւոն Յոլյանի ընկերոջ փեսան է, ում մեկ անգամ իմքայլականները մերժել էին անցած տարի՝ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում, չթողնելով, որ հարցը մեծ օրակարգ մտնի, բանը հասնի քվեարկության։ Հիմա այդ փուլերն անցել էին, եւ ակնհայտ էր, որ կա քաղաքական համաձայնություն, սակայն, ըստ երեւույթին, թեկնածուի բախտը չբերեց, քանի որ նրա ընտրությունը համընկավ հետպատերազմյան զգայուն ժամանակների հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցած մեր հայրենակիցներից ոմանք խորապես զղջում են, որ փոխանցումներ են արել, եւ այսօր շատերը հետ են պահանջում իրենց փողերը, բայց հետ ստանալու մեխանիզմներ չկան։ Սակայն առավել անհեթեթ վիճակում են հայտնվել նրանք, ովքեր ոչ թե հիմնադրամին են փոխանցել, այլ՝ անհատ անձանց, որոնց ասոցացրել են բանակի ու պատերազմի հետ, ուղղակի կանխիկ մեծ գումարներ են տվել՝ մտածելով, որ դրանք կծառայեն զենք-զինամթերք գնելուն, սակայն այդ գումարները հիմնականում գրպանվել են։ Ընդ որում, ոմանց նույնիսկ գումարի ծախսերի մասին «չեկեր» են տրամադրել, որոնք պարզվել է՝ կեղծ են եղել։ Այդ մարդիկ հիմա չգիտեն, թե ումից հետ ուզեն իրենց փողերը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Փաշինյանի տրամաբանությամբ՝ արդեն «ժողովուրդ» չէ նաեւ ԱԱԾ-ն, քանի որ այս կառույցի վրա նա այլեւս վերահսկողություն չունի։ Այս պահին միակ իրավապահ կառույցը, որը Փաշինյանին մասնակիորեն ենթարկվում է, ոստիկանությունն է, քանի որ ոստիկանապետ նրա ընկերը դեռ չի «մերժել» Փաշինյանին, սակայն այստեղ էլ դժգոհությունը գնալով աճում է։ Իսկ ԱԱԾ-ն, ասում են, վաղուց ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։ Այնտեղ Փաշինյանին համարում են ժամանակի վրա խաղացող բախտախնդիր, որը երկիրը տանում է դեպի անդունդ։ Դրան զուգահեռ, ազգային անվտանգությունում այս օրերին ուշագրավ խմորումներ են ընթանում, որոնք առաջիկայում կարող են բեկումնային լինել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը իմքայլականներին ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու այն գիծը, որը տարել է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իրեն չի գոհացնում։ Մասնավորապես, նախարարը նշել է, որ Հարությունյանը «Հայ գրականության» դասագրքից երբ հեռացրել է «հայ» բառը, ինքը պատրաստվում է վերականգնել: Նա նաեւ հայտնել է, որ կրթության հայտնի չափորոշիչները վերանայելու է։ Դումանյանի այդ խոսքերը միանշանակ չեն ընդունվել խմբակցության որոշ պատգամավորների կողմից, սակայն նախարարն անդրդվելի է մնացել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ փոխնախարարները եւս, այս կարճ ժամանակահատվածում աշխատելով Դումանյանի հետ, արդեն գոհունակություն են հայտնում նախարարի գործելաոճից, քանի որ եթե մինչեւ այս Արայիկ Հարությունյանը բոլոր որոշումները կայացնում էր դանդաղ, օրերով չէր կողմնորոշվում՝ ինչ անել, ինչն էլ հետագայում վատ հետեւանքներ էր ունենում, ապա Դումանյանը դա անում է շատ արագ, հստակ ու պարզ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` այս տարվա օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում է գրել եւ ներկայացրել ՀՀ կառավարություն։ Գ. Մուրադյանի դիմումն արդեն մակագրվել է։  Մեր տեղեկություններով, հրաժարականի պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ է ընկել եւ ինքն է դիմում գրել։ Մենք կապ հաստատեցինք Գեւորգ Մուրադյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ասաց, որ դիմում գրել է. «Լուրը ճիշտ ա, ամսի 16-ից թե 15-ից դիմումը գրված ա, բայց չեմ ուզում մեկնաբանել»: Ինչ վերաբերում է Մենուա Սողոմոնյանի կողմից դատարանում վիճարկմանը, Մուրադյանն ասաց, որ ինքը Մ. Սողոմոնյանի հետ կապ չունի»:


«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում աշխատանքային ժամերին շրջում են աշխատասենյակներով, տեղեկանալու համար՝ արդյոք աշխատակիցները տեղու՞մ են‚ թե՞ ոչ։ Ու դա անում են ղեկավարների վստահված անձինք։ Ցուցակագրում են ներկաներին ու բացականերին, հասկանալու համար՝ բացականերն արձակուրդու՞մ են‚ թե՞ գնացել են ընդդիմադիրների հանրահավաքներին‚ ակցիաներին մասնակցելու։ Պետական հիմնարկներում իրականում գրեթե անգործություն է‚ որեւէ լուրջ որոշում չի կայացվում‚ գործն առաջ չի գնում։ Բոլորը հասկանում են‚ որ իշխանությունը գնացող է‚ եւ աշխատանքի ժամերին ուշադրությամբ հետեւում են ընդդիմադիրների գործողություններին»:


«Իրատես» թերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը։ Նրա իշխանության օրոք շենքիս (Շիրազի փողոց թիվ 26) հարավային եւ հյուսիսային հատվածներում վարչական խեղանդամության, այլ կերպ ասած իմքայլական, դեպքեր արձանագրվեցին։ Ի մասնավորի Շիրազ փողոցի կանաչապատ հատվածում ոստիկանությունն անհայտ կրպակատիրոջը տուգանեց 200 հազար դրամի չափով եւ իրազեկեց բնակչությանը։ Կրպակը մեկ տարի շարունակ անձեռնմխելի էր, մնում էր տեղում եւ օր օրի դառնում էր աղբանոց։ Երեք ամիս առաջ կրպակը, այնուամենայնիվ, տեղափոխվեց վարչական շրջանի աշխատակազմի ուժերով։ Երեք օր առաջ Աջափնյակ տարաբախտ շրջանի ղեկավար նշանակվեց ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանը։ Մենք, անկեղծ ասած, հույսով լցվեցինք. այնուամենայնիվ, փողոցից թաղապետարան սողոսկած մեկը չէ, իրավակարգի բարձրաստիճան ծառայող է եւ այլն։ Բայց շաբաթը կրկին նախորդեց ուրբաթին։ Ահավասիկ, գնդապետի նշանակման, այն է դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը մի այլ ապօրինի կրպակ տեղադրվեց նույն կանաչ տարածքում։ Առավոտյան ժամանեցին ոստիկանները եւ փորձեցին բնակիչներից պարզել, թե ով է կրպակը տեղադրել կանաչ գոտում։ Կասկած չկա, որ այս գյադայական ապօրինությունը կշարունակվի, եւ նոր ղեկավարի օրոք Աջափնյակը կվերածվի ապօրինությունների նոր հանգրվանի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները։ Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։ Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երեւանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։ Բրոքերների կանխատեսումներով, այս իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ գարուն՝ մարտ-ապրիլ ամիսները, մինչեւ վիճակը կայունանա»: