5.09.2025
Քաղաքացին  Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում զենք-զինամթերք է թողել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելե՞լ է Հայաստան․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը

ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության 3-րդ բաժնի 3-րդ կետի համատեքստում ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ համագործակցում է ԱՄՆ պետքարտուղարության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի միջոցով՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացման նպատակով, ՀՀ ԱԳՆ-ն այսպես է արձագանքել Factor.am-ի գրավոր հարցմանը՝ արդյոք ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելել է Հայաստան, որի մասին դեռևս հունվարին հայտարարել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենը։


Ըստ արտգործնախարարության պատասխանի՝ համագործակցությունը, որը կրում է շարունակական բնույթ, ներառում է ինչպես ՀՀ մասնագետների վերապատրաստում, այնպես էլ տեխնիկական աջակցություն: Նախարարությունից պարզաբանել են, որ համագործակցության շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ինչպես ծրագրի համակարգողի այցեր ՀՀ, այնպես էլ՝ ՀՀ պաշտոնյանների այցեր ԱՄՆ։


«ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նպատակներից է նաև մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցության և կարողությունների զարգացման ընդլայնումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և ՀՀ սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակումը»,- նշել են արտաքին գերատեսչությունից՝ հավելելով, որ այդ նպատակների իրագործման, այդ թվում՝ հետագա ծրագրերի մշակման և փոխայցելությունների նախապատրաստման ուղղությամբ տարվում է շարունակական աշխատանք։


Այս տարվա հունվարի 1-ին Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրել էին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։


ԱՄՆ այդ ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։


Մինչև այս պահը, սակայն, ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ հայկական կողմը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմի՝ ՀՀ այցի մասին։

Գրիգորյանը և Մակրոնի խորհրդականը քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը