23.11.2024
Մամուլ. Վանեցյանը փորձել է մտնել Փաշինյանի աշխատասենյակ և ձերբակալել նրան
prev Նախորդ նորություն

Աղջիկ ջան, խաբեցին. մի քանի ժամից զանգես, կարող ա մեկն ասի՝ բիզիմդիր. Շուռնուխի գյուղապետ

Պանիկա չկա, բոլորն էլ, անգամ գյուղի ամենափոքր բնակիչը, այստեղ են, չենք լքել գյուղը, բայց դե պարզ է, որ բոլորս էլ անհանգիստ ենք, որովհետև մեզ խաբեցին ու մատնեցին անտերության: Այս մասին  VERELQ-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի գյուղապետ Հակոբ Արշակյանը:


"ՊՆ զորքը լրիվ հանեց, դատարկեցին, քիչ առաջ զանգեցի՝ արդեն  Որոտան էին: Մնաց գյուղացին մի երկու չրթիկ ավտոմատներով թուրքի դեմ",- ասաց նա:


Հարցին, թե իր կոչից հետո, որպեսզի կամավորները գան ու օգնեն գյուղի պաշտպանությանը, շատ մարդ է արձագանքել, թե ոչ Արշակյանն ասաց, որ եկել են, կան, գալիս են, իրենց ընկերներն են, նվիրված մարդիկ ու հայրենասերներ, որոնց համար  էական չի հայրենի գյուղը պաշտպանեն, թե այլ՝ հայրենիքը մեկն է: Ու ափսոս, նշեց մեր զրուցակիցը, որ պետական այրերը դա չեն հասկանում:


"Աղջիկ ջան, մի բան կարող եմ ասել՝ մենք էլի կկանգնենք, էլի կպայքարենք, էլի կպաշտպանենք, բայց առանց պետության պահել մեկ ա չենք կարողանալու: Թշնամին հիմա դեռ չի երևում, մի քանի ժամից տեսանելի կլինի , կգան, որ ասեն բիզիմդիր.. կարող ա մի քանի ժամից զանգես, արդեն բիզիմդիրով պատասխանեն իմ համարին, ի՞նչ իմանամ: Պանիկա չեմ անում, որովհետև պանիկա չկա, բայց սա ճիշտ չի էլի, եթե կար սենց բան խի՞ նախապես չասացին, ինչի՞ չզգուշացրեցին, չնայած հարյուր անգամ դա կարային անեին",- նեղսրտեց նա:


Հակոբ Արշակյանը անդրադարձավ նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի վերջին հայտարարություններին, թե "ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու": Վրդովվեց. "Էդ ոնց՞: Եթե ոչ մի միլիմետր չտվող տղան կարողանում ա տենց բան ասի, խի մի երկու լրագրող չբերեցին, որ մասնակցի մեր խորհրդակցությանը: Ասեմ՝ ինչի, որ ոնց ուզեն հետո մեկնաբանեն, ինչ ուզեն գրեն, իսկ իրականությունը ոնց կա, տենց էլ մենակ մենք իմանանք":


Ասում է՝ ռուս սահմանապահները միայն մայրուղին են պահելու, ոչ թե գյուղը, իսկ գյուղի երեխան, որ մտնի իր բոստանը, հենց թուրքի նշանառության տակ է լինելու ու ո՞վ է տերը: Գյուղապետը ցավով նշեց, որ մինչ այսօր, երբ համագյուղացիները հարցնում էին, թե ինչ-ոնց է լինելու, լավատեսորեն նշում էր, որ լավ է լինելու, իսկ այսօր առավոտվանից պատասխան չունի.


"Ասում են՝ հն, Արշակյան, ինչա՞ լինելու, գնանք, թե մնանք: Մեզ խաբեցին, թե սենց բան կար, թող շուտ ասեին, ոչ թե մինչև էս պահն էլ խաբում են, դրա համար ես իմ ժողովրդին այսօր տեղեկացրեցի, որ էլ չեմ կարող ասել՝ մնա կամ մի մնա, որովհետև ես հստակ պատասխան նախարարից չեմ ստացել: Բոլորս էլ հիմա այստեղ ենք, բայց մինչև ե՞րբ",- հավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սյունիքի մարզում սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը: Համայնքները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում, քանի որ ՊՆ-ն դուրս է բերել զորքը մի շարք տարածքներից, մասնավորապես՝ Շուռնուխի դիրքերից: 


Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հաստատել էր, որ այսօր մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Ըստ այդմ, Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը, դրանք են՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։


Լիա Խոջոյան