Ո՞ր ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի պետությունը
Կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցել որոշ ուսանողների ուսման վարձը:
Խոսքը, մասնավերապես, այն ուսանողների մասին է, որոնք մասնակցել են մարտական գործողություններին, ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին, ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։
Շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։
Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
- դիմում
- մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
- անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։
Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։