Կառավարությունը թույլատրեց իրանական ընկերությանը կառուցել ՀՀ-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծը
Հայաստանի կառավարությունը ապրիլի 28-ի նիստին կայացրած որոշմամբ թույլատրեց իրանական «Սանիր» ընկերությանն իրականացնել Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա լարման երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:
«Ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերությանը թույլատրել` հուշագրի համաձայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և իրանական «Սանիր» ընկերության միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն», - ասված է որոշման տեքստի մեջ, որը ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, մշակման, ձեռք բերման, մատակարարման և շինարարության իրականացման 107,89 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքվել, որը հիմնված է ՀՀ և Իրանի էներգետիկայի նախարարությունների միջև 2006թ. մայիսի 17-ին ստորագրված համագործակցության հուշագրի վրա:
Ծրագրի մեկնարկ է տրվել էր 2012թ.-ին, սակայն Իրանի դեմ կիրառված միջազգային պատժամիջոցների պատճառով Թեհրանը դադարեցրել էր ծրագրի ֆինանսավորումը: Միջազգային պտաժամիջոցների մի մասի չեղարկումից հետո հայ-իրանական ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում 2015թ. սեպտեմբեր ամսից վերսկսվել է ծրագրի ֆինանսավորումը և շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների մատակարարումները: Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 24 ամսում:
Ըստ կառավաության բերած հիմնավորման, Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի՝ միաժամանակ բարձրացնելով էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը: