24.11.2024
Հայտնի են դարձել Օսկանյանի կուսակցության անվանումը և նրան սատարող մարդիկ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը կարող է առաջիկայում ցրել կառավարությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը մտմտում է առաջիկայում ՀՀ կառավարությունը ցրելու եւ բոլորովին նոր կառավարություն ձեւավորելու մասին: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելուց հետո նրան կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության անդամների մեծ մասը, կամ այլ կերպ ասած՝ բոլոր հին դեմքերը հրաժեշտ կտան իրենց նախարարական պաշտոններին: Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը, ծրագրված է եղել, որ կառավարության կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա աշնանը: Սակայն Հայաստանում ստեղծված նոր իրողությունը պարտադրում է գործընթացներն արագացնել: Հենց այս հանգամանքով է բացատրվում նաեւ այն փաստը, որ իշխանական լրատվամիջոցները եւս սկսել են անդրադառնալ պաշտոնյաների չարդարացված եւ պետական միջոցների հաշվին հարստանալու խնդրին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ Ինչ վերաբերում է «այլ» սպառողներին՝ արդյունաբերություն, հիվանդանոցներ, էներգետիկա, որոնք 10 հազար խմ-ից ավելի են սպառում, նրանց համար գազի գինը 277 դոլարի փոխարեն կդառնա 258։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այդ թվում և՝ շարքային սպառողի համար»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միանգամից երեք գեներալների պաշտոնանկության մասին երեկ հրապարակված հաղորդագրությունները կարծես ամպրոպ լինեին անամպ երկնքում: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Խնդիրն այն չէ, որ նշված գեներալները պաշտոնանկության արժանի չէին, ավելին՝ նրանք, ինչպես եւ ՀՀ պաշտոնյաների մեծամասնությունը, վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին: Բայց հայաստանյան իրականությունն այլ է: Այդ իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի ներկայացուցիչները այնքան երկար են իրենց պաշտոններում, որ թվում է, թե նրանք ցմահ են նշանակված, եւ ինչ էլ ուզում է՝ անեն, միեւնույն է՝ շարունակելու են պաշտոնավարել: Նույն Ալիկ Միրզաբեկյանի, Արշակ Կարապետյանի եւ Կոմիտաս Մուրադյանի գործունեությանը եւ զինված ուժերին հատկացված միջոցների հաշվին հարստանալու մասին մամուլը բազմիցս է գրել: Բայց այդ հրապարակումները մնացել են անհետեւանք: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն է ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Տեղեկություն կա, որ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել: Ի դեպ, այս ստուգումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված եւս լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ուստի չի բացառվում, որ նա եւս առաջիկայում պաշտոնանկ կարվի»:

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ նախագահի պաշտոնից ազատվել է բարձրաստիճան զինվորականներ՝ ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին եւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ՊՆ-ի և կառավարության բացթողումներն այլևս հնարավոր չէ թաքցնել: Ըստ Քոչարյանի՝ շատ լուրջ կադրային առաջարկներ պետք է լինեն: «Այդ կադրերը ոչ միայն արագ պետք է շտկեն այդ կառույցներում եղած թերությունները, այլ նաև գուցե շատ կարճ ժամանակում հնարավորություն կտան այդ կառույցներին որոշակի նախաձեռնություններով հանդես գալ: Դրանք շատ կարևոր են, հատկապես հետախուզության մասով, իսկ մատակարարումների մասով՝ դա արդեն պետության խնդիրն է, այդքան էլ այդ կառույցի խնդիրը չի»: Նրա խոսքով՝ այդ թերացումները մեկ կամ երկու օրվա գործ չեն եղել: Դրանք տարիներ շարունակ տեղի ունեցած գործընթացներ են եղել, որոնց բացթողումներն արդեն թաքցնել պարզապես հնարավոր չէ»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է այս շաբաթ ավարտել Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը, իսկ մայիսի 16-ին սկսվող քառօրյայի ժամանակ ավարտել 2-րդ ու 3-րդ ընթերցումները։ Քննարկումները հասցնելու համար մտադրություն կա 2-րդ ու 3-րդ ընթերցումները կազմակերպել հատուկ ռեժիմով 24 ժամվա ընթացքում։ Չհասցնելու դեպքում հնարավոր է հրավիրեն նաև արտահերթ նիստ, բայց քանի որ սպասվում են նաև բյուջետային երկարատև քննարկումներ, ցանկություն կա ԸՕ-ն ընդունել հաջորդ քառօրյայում։ Եթե մինչև հունիսի 1-ը չհասցնեն ընդունել, սահմանադրական ճգնաժամ է առաջանալու»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մարտ ամիսներին հարկեր եւ տուրքերից պետբյուջեի մուտքերի տվյալները: Ըստ այդմ, այս տարվա մարտին հավաքագրված հարկեր եւ տուրքերը, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 1 միլիարդ 617 մլն դրամով եւ կազմել են 81 միլիարդ 338 մլն դրամ: Այս հանգամանքը ՀՀ ՊԵԿ նոր ղեկավարության եւ հատկապես մարտի 2-ից այդ կառույցը գլխավորող Հովհաննես Հովսեփյանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ տարվա սկզբից հարկեր եւ տուրքերից մուտքերը սկսել էին նվազել: Ընդհանուր եռամսյակի կտրվածքով հարկեր եւ տուրքերից մուտքերն անցած տարվա համեմատ նվազել են 1 միլիարդ 391 մլն դրամով եւ կազմել են 230 միլիարդ 776 մլն դրամ: Այսինքն՝ առաջին երկու ամիսների կտրվածքով հարկեր եւ տուրքերի գծով մոտ 3 միլիարդ դրամի անկումն ամբողջությամբ դեռ չի հաջողվել «սրբագրել»»: