23.11.2024
ՊՆ-ն հորդորում է վերադարձնել պատերազմի ընթացքում բաշխված ռազմական նշանակության ապրանքները
prev Նախորդ նորություն

Պատերազմի 44 օրերի ընթացքում սուտը քայքայեց ու տարավ խորը ճգնաժամի մեր երկիրը. Հակոբյան

Պատերազմի 44 օրերի ընթացքում սուտը, ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլև քայքայել է ու մեր երկիրը տարել է ավելի խորը ճգնաժամի: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Զինված ուժերի ինֆորմացիոն կենտրոնի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը՝ սուտ տեղեկատվության տարածմամբ: Այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, սակայն մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը: 100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Դրանից են ծնվում հարցերը՝ հասարակությունը, կռված տղաները չեն հասկանում, թե ինչու այսպես ստացվեց», - ասաց նա:

Թե ինչու պարտվեցինք այս պատերազմում, Մովսես Հակոբյանը մի քանի պատճառ բերեց: Նախ, ըստ նրա, ղեկավարումն է պատճառը.

«Մեր բոլոր անհաջողությունները սկսվել են մեր ԶՈՒ նախապատրաստումից պատերազմին»,- շեշտեց նա:
Բացի այս, վերջին տարիներին Զինված ուժերում այսպես կոչված օպտիմալացումը, որի շրջանակում կրճատվել է հինգ գունդ, որը ներառում էր ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից: Նաև Արցախի պաշտպանական շրջաններում կրճատվել են գումարտակներ և սա այն դեպքում, ասաց գեներալը, երբ դրանք պետք է ավելանային:

Ի դեպ, նա անդրադարձավ նաև իրեն փոխարինած Արտակ Դավթյանի նշանակմանը, ասելով, որ երբ տեղեկացել է, որ նշանակումն եղել է, ասել է վարչապետին. «Դուք նշանակել եք ամենից անպատրաստ մեկին»: Ըստ Հակոբյանի, «հենց այդ օրվանից էլ սկսվել է բանակի քանդման գործընթացը»: Թեև մինչ այդ նշանակումը ինքը առաջարկել էր նշանակել այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանին, նաև նշելով, որ եթե այդ նշանակումը լինի, ապա ինքը պատրաստ է կանգնել իր կողքին ու աջակցել: Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանը ներկայումս Գլխավոր շտաբի պետի պաշտոնն է զբաղեցնում և նշանակվել է Արտակ Դավթյանից հետո:

Հակոբյանի խոսքով, այն հատվածներում, որտեղ կանոնավոր զինված ուժերն են եղել, նահանջներ կամ չեն եղել, կամ քիչ են եղել: Այնպես որ, նշեց նա, սխալվում են քաղաքական որոշ գործիչներ, ովքեր կարծում են, թե բանակում գիտելիքը այնքան կարևոր չէ և կարելի է, օրինակ, 20 հոգով ջոկատ կազմել, գնալ ու հաղթել.

«Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում՝ ոչ թե սնվելու, լավ ապրելու: Բանակի կռվելու ձևը կոչվում է արվեստ, կռվելը արվեստ է»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ պարտվեցինք և հարկ է երևույթները կոչել իրենց անուններով: Բայց և պարտությունը նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է տալիս:

Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ իր զորացրման մասին որոշումը դեռ հոկտեմբերի 5-ին է կայացրել, սակայն հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում այն վնաս էր հասցնելու ԶՈՒ-ին, որոշել է սպասել մինչև պատերազմի ավարտը: Բայց Նիկոլ Փաշինյանի՝ կռվող տղաներին հրապարակ վերադառնալու և «պատերի տակ վնգստացողների» դեմ օպերացիայի կոչից հետո զեկուցագիր է գրել. «Նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը, իմ զորացման պատճառը: Բայց ՊՆ հրամանը չի համախատասխանում իմ զեկուցագրի էությանը», - հավելեց Հակոբյանը: