VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գործնականում պահպանվել է ընտրողների գրանցման էլեկտրոնային այն մոդելը, որը ներառված է եղել ԸՕ նախագծի հրապարակված տարբերակում: Այսինքն՝ ընտրողները կգրանցվեն ինչպես նույնականացման քարտերով, այնպես էլ անձնագրերով: Սակայն իշխանությունները համաձայնել են, որ գրանցող սարքը քվեարկության ավարտից հետո տպի մասնակիցների ցանկը, որը բոլորի համար կլինի բաց փաստաթուղթ: Միայն այդիներով ընտրողների գրանցում կազմակերպելու տարբերակը, ըստ Սահակյանի, լավ առաջարկ է: Սակայն, նրա խոսքերով, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պնդմամբ` այս փուլում տեխնիկապես լուծելի խնդիր չէ: Սակայն իրականում անլուծելի ոչինչ չկա, կարեւորը ցանկությունն է, որը տվյալ դեպքում ՀՀ իշխանությունները չունեն: Ի դեպ, նախագիծն այսօր քննվելու է Սահակյանի գլխավորած հանձնաժողովում` ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2015 թվականին նախորդ՝ 2014 թվականի համեմատ ռազմական պաշտպանությանը ուղղված ծախսերը աճել են ընդամենը 4.2 տոկոսով, այն դեպքում, երբ ոստիկանությանն ուղղված ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 13.7 տոկոսով։ Այս տվյալները ներառված են 2015 թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ, որը երեկ ներկայացվեց ՀՀ կառավարության նիստին։ Հաշվետվությունից նաև տեղեկանում ենք, որ ռուսական վարկով ձեռք բերվելիք զենքի մատակարարումը պետք է իրականացվեր դեռ անցած տարի, և այդ նպատակով բյուջետային միջոցներ են նախատեսված եղել, սակայն համաձայնագիրը ուժի մեջ է մտել միայն այս տարվա փետրվարին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, որոշ իրավաբաններ էկոնոմիկայի նախարար
Արծվիկ Մինասյանին փաստաթղթային հիմնավորմամբ առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ՝ 1 տոկոսի չափով։ «Տևական պատերազմի մեջ գտնվող երկրում՝ այլ կերպ հոգալ այդ ընտանիքների ծախսերը, հնարավոր չէ, ընդ որում՝ առաջարկել ենք 1 տոկոսի գանձումն սկսել 100 հազար աշխատավարձի շեմով»։ Կգնա պետությունը նման քայլի, այս պահին իրավաբանները չգիտեն, սակայն մեկ «բայց», բոլոր դեպքերում, կա. հավաքված հարկն ուղիղ տողով չի կարող ներառվել բյուջեի մեջ, սակայն կան «հարակից» տողեր, որոնցով կարելի է հասցեականացնել։ «Բոլոր դեպքերում, կարծում ենք, ճիշտ սոցիալական քայլ կլինի»,– ասաց առաջարկի հեղինակներից մեկը»: