Բյուջետային մուտքերը, 2021 թվականի պետական բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշների համաձայն, կկազմեն 1,569 տրլն դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ եկամուտների կառուցվածքում մեծ մասը՝ 95-96 տոկոսը, ավանդաբար կկազմեն հարկերի և տուրքերի գծով մուտքերը ավելի քան 1,5 տրլն դրամ: ՀՆԱ-ի նկատմամբ հարկային մուտքերի հարաբերակցությունը 2021 թվականին կկազմի 22,3 տոկոս՝ դրանով իսկ հասնելով 2019–ի ցուցանիշներին, քանի որ 2020 թվականի արդյունքներով սպասվում է այդ ցուցանիշի որոշակի նվազում՝ 21,7 տոկոս:
Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն եկամուտների կառուցվածքում համեմատաբար ցածր տոկոս և հասնելով 23,2 մլրդ դրամի, որից 1.7 մլրդ դրամը՝ բյուջետային աջակցության դրամաշնորհներն են, իսկ մնացած մասը՝ նպատակային դրամաշնորհները։ Այլ եկամուտները, ըստ փաստաթղթի, կկազմեն շուրջ 45 մլրդ դրամ։
Ֆինանսների նախարարը նշել է, որ հաջորդ տարի կիրականացվեն հարկային քաղաքականության հետ կապված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, խոսքը եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գյուղատնտեսության ոլորտում փաստաթղթաշրջանառության ապահովման մասին է։
Նախատեսվում է նաև ուսումնասիրել հարկային արտոնությունների տրամադրման և հարկային ծախսերի իրականացման նպատակահարմարությունը, որոնք, ըստ բյուջեի նախագծի, կկազմեն 451 մլրդ դրամ։ Մասնավորապես, կուսումնասիրվի առաջնային նպատակային ծախսերի իրականացման համար այդ միջոցների հավաքագրման եւ ուղղորդման հնարավորությունը։
Կառավարությունում կրկին նախատեսում են ուսումնասիրել շրջանառության ծավալների և շրջանառության հարկի վճարման ենթակա գործունեության տեսակների վերանայման հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ Հայաստանը որդեգրել է շրջանառության հարկի կիրառման ոչ լավագույն ձևաչափը։ Այս հարկատեսակը, հերթական անգամ ընդգծեց նախարարը, պետք է դիտարկվի ոչ թե որպես արտոնություն, այլ որպես այլընտրանք։
Բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշների համաձայն՝ 2020 թվականի արդյունքներով բյուջետային մուտքերը կկազմեն ավելի քան 1,4 տրլն դրամ։ Հարկերի եւ տուրքերի գծով մուտքերը, ըստ սկզբնապես գրավադրված ցուցանիշների, կկազմեն շուրջ 1,356 տրլն դրամ: Սակայն, հաշվի առնելով կանխատեսումների և սպասվող ցուցանիշների վատթարացումը, կառավարությունը հարկերի գծով ակնկալվող մուտքերի ցուցանիշը նվազեցրել է շուրջ 35 մլրդ դրամով։ Արդյունքում բյուջեի նախագծում դրվում է 2020 թվականի վերջին սպասվող հարկային մուտքերի ցուցանիշը 1,320 տրլն դրամի չափով։