25.11.2024
Ադրբեջանը սադրանքների համար տեղեկատվական հող է նախապատրաստում - ԱՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ հոկտեմբերի 29-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից եւ Էնդրու Շոֆերը ԱՄՆ-ից) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է.


«Հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ, ինչպես նաեւ մասնակցել են ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին նաեւ մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին տարածած Համատեղ հայտարարություն բոլոր ասպեկտներն իրագործելու համար՝ համաձայն իրենց պարտավորությունների՝ նշելով, որ նրանք հաստատել են այդ պարատվորությունները Փարիզում հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաեւ հիշեցրել են կողմերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին արված համատեղ հայտարարության մասին, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել առարկայական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Միսնկի խմբի հովանու ներքո:


Ինտենսիվ բանակցությունների ընթացքում համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները քննարկել են հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի պահպանմանը հետեւելու հնարավոր պարամետրերը եւ հոկտեմբերի 10-ին արված Համատեղ հայտարարության համաձայն՝ համապարփակ լուծման հիմնական նշանակալի տարրերի շուրջ քննարկումների սկիզբը: Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնեւում, որպեսզի քննարկեն, համաձայնության գան եւ, ըստ ժամանակացույցի, որը կհամաձայնեցվի, սկսեն բոլոր քայլերի իրագործումը, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքների»: