23.11.2024
Մամուլ. Փաշինյանը մերժել է նախկին նախագահներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իրականում որքա՞ն գումար է վճարել Գագիկ Ծառուկյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, մինչ ուշ երեկո, ԲՀԿ-ականներն ԱԱԾ-ի դիմաց սպասում էին Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ-ական պատգամավորներին հարցրինք՝ կհավաքվե՞ն այսօր (երեկ) թիմով, ի՞նչ են ծրագրել։ Մեզ ասացին, որ հանդիպում չեն նախատեսել. «Ծառուկյանը թող գնա հանգստանա, վաղը կհանդիպենք ու կհասկանանք մեր անելիքները»: Իսկ իշխող ՔՊ-ի ջոկատը երեկ մեկնեց առաջնագիծ։ Կազմում են Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը եւ այլք: Ջոկատի հրամանատարը Հակոբ Սիմիդյանն է։ Երեկոյան իմացանք, որ նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու։ Իսկ խորհրդարանական ԼՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի պատրաստվում ջոկատ կազմել, ասում է՝ մենք ունենք պետություն եւ կանոնավոր բանակ, կամավորական ջոկատների ժամանակը չէ։ «Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում: Առաջին օրվանից սկսած՝ բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ եւ հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն հայոց բանակին»,- ասաց Մարուքյանը, որը դեմ է ֆիդայական մոտեցումներին, քանի որ պատգամավորներն օրենքով որոշված կարգավիճակ ունեն եւ բրոնյա, որը գործում է անկախ ամեն ինչից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած դատարանը որոշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ազատ արձակել 100 միլիոն դրամ գրավի դիմաց, սակայն, մեր տեղեկություններով, Ծառուկյանը վերջին օրերի ընթացքում մի քանի միլիարդ դրամի վճարումներ է կատարել պետական բյուջե: Դրանք այն գումարներն են, որոնք Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել էին հարկային մարմինները, սակայն Ծառուկյանը չէր շտապում դրանք վճարել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե մենք դեռ երկար չենք ների հարեւան Վրաստանին՝ պատերազմական օրերին դրսեւորած պահվածքի համար, այս օրերին անգամ վրացական ափերին հանգստի չմեկնելու կոչեր էին հնչում, քանզի նա աջակցում է մեր թշնամուն՝ ռազմական բեռների տարանցիկ ճանապարհ ապահովում՝ խոչընդոտելով Հայաստան եկող հումանիտար օգնությանը: Սակայն երեկ ՀՀ ԱԺ կայքում հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը՝ Վրաստան գործուղման վերաբերյալ․ «Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը»։ Գործուղվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ինչպես նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը: Սակայն ԼՀԿ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը չեղարկել են իրենց այցը։ Թե ինչու, Անի Սամսոնյանը մեզ ասաց. «Հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակն ու հայտարարված ռազմական դրությունը»: Մեզ չհաջողվեց պարզել՝ իշխանական պատգամավորների այցն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում: Իրականում, հայ-ադրբեջանական բախումները միայն ծածկույթ են ներկա զարգացումներում։ Արժե, որ մարդիկ տեղեկանան, որ Միացյալ Նահանգներում՝ դեռ հուլիսի տավուշյան բախումների օրերին, տեղյակ են եղել, որ Թուրքիան ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ ռազմական հարթությունում է ներգրավվելու Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ հնարավոր պատերազմում: Իսկ եթե Վաշինգտոնի տեղյակ լինելու պարագայում Թուրքիան սեպտեմբերին սպառազինությամբ, ռազմական կադրերով եւ վարձկաններով խառնվում է Արցախում սանձազերծված պատերազմին, գոնե առերեւույթ նշանակում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել: Ինչո՞ւ: Սա էական հարց է։ Հարց կծագի՝ որտեղի՞ց նման տեղեկություն, որ ԱՄՆ-ում հուլիսից տեղյակ են եղել, թե Թուրքիան կարող է խառնվել առաջիկա պատերազմին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Նման տեղեկացվածությունը, իմ պարագայում, բխում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին, Պետդեպի լրատվականին, Պետդեպի Եվրոպական եւ եվրասիական հարցերի բյուրոյին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկված հարցերից ու ստացված պատասխաններից: Ուղիղ հարց էի հղել․ «․․․Հնարավո՞ր է, որ դեռ հուլիսին ամերիկյան պաշտոնյաները տեղյակ էին, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում: Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմն այդպիսի իմացություն չի ունեցել»։ Պատասխանը կներկայացնենք մեր վաղվա համարում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերը: Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ բարդ է իրավիճակը ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում: Նա իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է, իսկ երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հիշեցնենք, որ հոկտեմնբերի 10-ին հակամարտող կողմերը եկան հրադադարի համաձայնության Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տեւած հանդիպման արդյունքում, սակայն հրադադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց: Իսկ մոտ մեկ շաբաթ անց հայտարարված հրադադարի երկրորդ փորձը ժամեր անց կրկին տապալվեց:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հուդզոնի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) վերլուծաբան Ռիչարդ Վեյթցը, խոսելով սահմանում ընթացող պատերազմի մասին, ընդգծում է՝ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մարդասիրական հրադադարի մասին, այլ ոչ հաստատված ընդհանուր զինադադարի: Ընդ որում, վերլուծաբանի խոսքով, հրադադարը չպահպանելու պատճառն ադրբեջանական կողմի ցանկությունն է՝ իր վերահսկողության տակ առնել հնարավորինս շատ տարածքներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, ողջունում է վարչապետի ջոկատներ կազմավորելու և ռազմաճակատ մեկնելու կոչը, այն համարելով ոգևորիչ: Վերջինս համոզված է, որ սա ցույց է տալիս վարչապետի «հող չհանձնելու և չզիջելու» վճռականությունը: Իսկ դրա համար Հայաստանը պետք է նաև զինվի նորագույն զենքերով, հրթիռներով, որ կարողանա համարժեք պատասխան տալ թշնամուն, կարողանա խոցել այն թիրախները, որտեղից գրեթե ամեն օր ռմբակոծվում են մեր խաղաղ բնակավայրերը և ռազմական օբյեկտները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի եւ կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հասկանալ, թե ինչ կտա այս որոշումը։ «Որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր հինգ երկրների կողմ քվեարկությամբ: Մենք ունենք որոշակի փաստարկներ կոնսենսուսի հասնելու համար, բայց այս փուլում դրանց մասով փակագծեր չէի ցանկանա բացել: Ինչ վերաբերում է գործող արտոնության բնույթին, այսօր թուրքական ծագմամբ ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչը, ըստ էության, ներմուծման արտոնություն է, որի վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարեւոր է նաեւ թիկունքն ամուր պահելը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները նախ՝ տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու ըստ այդմ իրենց հեռահար պլանները չհետաձգելը: Շատ կարեւոր է հոգեբանական պահը, այն, որ հուսահատություն չլինի, սպասողական կեցվածք չլինի»: Միեւնույն ժամանակ տնտեսագետը նշում է, որ չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի, որովհետեւ տնտեսություն պահելը միայն գործատուների խնդիրը չէ, նաեւ քաղաքացիների խնդիրն է: Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թիկունքը որոշակի գործողություններ նախաձեռնելու եւ իրականացնելու համար է, որոնք ճիշտ է հենց պատերազմի ընթացքում անելը։ «Նկատի ունեմ տարբեր ոլորտներում` բնապահպանության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, մեր պետական քաղաքականությունը, որը արմատական փոփոխությունների կարիք ունի: Երբ այս պատերազմից հաղթանակած դուրս գանք, բայց շարունակենք ապրել եւ գործել այնպես, ինչպես ապրել եւ գործել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում, ոչինչ չի փոխվելու։ Հզոր, կենտրոնացած եւ առողջ պետություն ունենալու հարցն է այստեղ։ Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք»,- ասաց Հակոբյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի եւ շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։ Ինչո՞վ է պայմանավորված գների այս կտրուկ բարձրացումը։ Համաշխարհային շուկայում ձեթի գինը սեպտեմբերի համեմատ աճել է 6 %-ով, տրամաբանական է, որ Հայաստանում էլ պիտի բարձրանար, սակայն նույն ժամանակահատվածում համաշխարհային շուկայում շաքարավազի գինը կրճատվել է 0,9 %-ով։ Հարց է առաջանում` ինչու՞ է շաքարավազի գինը Հայաստանում մեկ շաբաթում կտրուկ բարձրացել։ Արդյո՞ք այստեղ մենք գործ չունենք ներկրողների «համաձայնեցված» գործողությունների հետ։ Ինչու՞ ենք ասում համաձայնեցված, որովհետեւ մեկ տարուց ավելի է, ինչ պետական պատկան կառույցները հավաստիացնում են, որ շաքարավազի ներկրման շուկան Հայաստանում այլեւս մենաշնորհային չէ, եւ ցանկացած ոք կարող է զբաղվել շաքարավազի ներկրմամբ։ Եթե այդպես է, ուրեմն ժամանակն է, որ շաքարավազի շուկայով լրջորեն զբաղվի ՏՄՊՊՀ-ն։ Ի դեպ, բոլորովին վերջերս այս կառույցն արձանագրել էր զինվորական համազգեստի եւ ծաղկի վաճառքի շուկաներում գների չարդարացված բարձրացում եւ հորդորել պատերազմական իրավիճակում զերծ մնալ գերշահույթ հետապնդելուց։ Սակայն, ինչպես ասում են, խեւին խրատն ինչ անի, սեւին՝ սապոնը։ Վերը նշված հայտարարությունից երկու շաբաթ անց, այսօր էլ մարդիկ բողոքում են զինվորական համազգեստի եւ ծաղկի բարձր գներից։ Գուցե ժամանակն է այս «վայ» գործարարների նկատմամբ 500 հազարից մինչեւ 1 մլն դրամի տուգա՞նք սահմանել, որպեսզի խելքները գլուխները գա, իսկ տուգանքի գումարներն էլ ուղղվեն բանակի սպառազինությանը»: