23.11.2024
Մամուլ. Իրականում որքա՞ն գումար է վճարել Գագիկ Ծառուկյանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանի ելքի թույլտվության ժամկետն ավարտվում է. ինչ որոշում կկայացվի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ինչպես հայտնի է, հանդիպեցին հոկտեմբերի 21-ին։ Նույնիսկ խոսք էր եղել, որ Արցախում ընթացող պատերազմով պայմանավորված՝ երկու նախագահները ցանկություն են ունեցել միասին մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն հոկտեմբերի 30-ին անակնկալ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով ու Մոսկվա չի մեկնելու: Ըստ երկրորդ նախագահի գրասենյակի պարզաբանման տրամաբանության՝ հանդիպումը եղել է հոկտեմբերի 21-ին, սակայն Քոչարյանի մոտ հոկտեմբերի 23-24-ին է վարակը հայտնաբերվել։ Ու եթե դրան գումարում ենք վարակվելուց հետո անհրաժեշտ 14 օրյա մեկուսացման ժամանակահատվածը, ստացվում է, որ նոյեմբերի 7-ից շուտ Քոչարյանը չի կարող դուրս գալ երկրից։ Բայց պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին թույլատրված էր Հայաստանից դուրս գալ մինչեւ նոյեմբերի 7-ը, ինչը նշանակում է, որ նրա՝ Մոսկվա մեկնելը դառնում է անհնարին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչու է մինչեւ նոյեմբերի 7-ը սահմանվել Քոչարյանի ելքի ժամանակը, ու արդյոք հնարավոր է ժամանակահատվածը երկարացնել՝ իրավիճակով պայմանավորված: Գեւորգյանը հայտարարեց, որ չի կարող մեկնաբանել, պետք է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ ամենայնի, Գլխավոր դատախազությունն է՝ ի դեմս Արթուր Դավթյանի, միջնորդել դատարանին, որ Քոչարկանի ելքի թույլտվության հարցը կարգավորվի, բայց կոնկրետ ժամանակահատվաժով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ռոբերտ Քոչարյանի մամուլի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հեռախոսն էլ անհասանելի էր, ինչի համար մեզ չհաջողվեց զրուցել նաեւ նրա հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր կոչով կամավորագրվողներին խոստանում է առաջնագծում գտնվելու ընթացքում հոգալ նրանց ընտանիքների սոցիալական հարցերը, որպեսզի կամավորները կարողանան ազատ լինել կենցաղային հոգսերից: Բացի այդ, զոհվելու դեպքում Ծառուկյանը խոստանում է զոհվածի ընտանիքին թոշակ նշանակել՝ անկախ նրանից, թե պետությունը ինչպիսի աջակցություն կցուցաբերի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քառօրյա լռությունից հետո ՊԲ-ն երեկ հայտարարեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անունները։ Սակայն մինչ այդ մասին հայտնելը մենք հարցում արեցինք պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջին չորս օրվա ընթացքում հայկական կողմը զոհեր չի՞ տվել, ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում։ «Իդենտիֆիկացիայի խնդիր կա»,- փոխանցեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Բանն այն է, որ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ կան, որ հնարավոր է այլեւս ամենօրյա ռեժիմով չհայտնեն զոհերի մասին՝ հանրության շրջանում հուսահատական տրամադրություններ չձեւավորելու նպատակով։ Պաշտպանության բանակը, հիշեցնենք, հաղորդել է 1172 զոհի անուն, մինչ օրս զոհվել է 45 խաղաղ բնակիչ: Կան չճանաչված դիակներ, դրանց հետ կապված՝ իդենտիֆիկացիոն գործողություններ են կատարվում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիվանագիտական դաշտում հայկական կողմից առաջին փաստարկը մեր հաղթանակներն են լինելու: «Փաստ» թերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա համոզմամբ, թշնամական ուժերը առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Արցախը գրավելու ու հայաթափելու պլան ունեին, այսինքն, բլից-կրիգ, որը ձախողվեց: Ինչ վերաբերում է ներկա վիճակին, ապա, ըստ փորձագետի, հիմա թշնամին ընդամենը փորձում է քանակական, թվային առավելությամբ իր համար «հաղթական» ելքեր ապահովել, բայց հասնելով լեռնային եւ նախալեռնային պայմանների մարտական գործողություններին՝ այլ իրավիճակի է հանդիպում:«Այդ հատվածներում շատ ավելի նվազ ուժերով կարելի է շատ լավ պաշտպանություն, ինչպես նաեւ տեղերում հակահարձակում կազմակերպել: Այսինքն, այն, ինչ արվում է մեր ուժերի կողմից: Բացի այդ, հայկական ուժերն իրենց խորագետ քայլերի միջոցով թշնամուն նաեւ ծուղակի մեջ են վերցնում, որի օրինակներն արդեն հայտնի են: Ընդհանուր առմամբ, այսօր դիրքային կռիվ է գնում, ու հակառակորդն աստիճանաբար հյուծվում է: Այդ համատեքստում հաշվի առնենք նաեւ իր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, որն աստիճանաբար անկում է ապրում. անձնակազմին խոստացել էին կայծակնային հարվածով մոտ մեկ շաբաթվա ընթացքում հաղթանակ տոնել, ինչը չկա եւ իրականություն չի դարձել»,-ասաց Հայկ Նահապետյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի առաջին իսկ օրերից թշնամուն հաղթելու գործում իր ավանդն է ներդրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հումանիտար, ռազմատեխնիկական, ինչպես նաև դեղորայքային լուրջ աջակցություն է ցուցաբերել Արցախին: Դրանից բացի, մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 2000 ՀՀԿ-ական զորակոչվել կամ կամավորագրվել է, կան զոհվածներ և վիրավորներ: ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նահատակվածները 5-ն են, վիրավորները՝ 20-ը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախում ընթացող ռազմական գործողությունները իրենց մեջ ողջ տարածաշրջանը «բոցավառելու» կամ խոր անկայունության մեջ ընդգրկելու պոտենցիալ ունեն։ Իսկ անկայունությունը բխում է Թուրքիայի շահերից, քանի որ դրա միջոցով թուրքական վերնախավը հնարավորություն կստանա ճանապարհ բացել իր պանթուրանական եւ նեոօսմանական ծրագրերի իրագործման համար։ Իսկ թուրքական այսպիսի ծրագրերը հակադրվում են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների շահերին։ Խորհրդային միության տարածքի մաս կազմող Հարավային Կովկասը Ռուսաստանը պատմականորեն համարել է իր շահերի գերակայության գոտի, իսկ այստեղ հաստատվելու թուրքական յուրաքանչյուր փորձ ռուսների ազդեցությունը թուլացնելու նպատակ է հետապնդում։ Եվ պատահական չեն փորձագիտական այն գնահատականները, որ միայն Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից շատ ազդեցություն եւ լծակներն ունի, որոնց միջոցով կարող է կանխել թուրքական ներթափանցումը այս տարածք։ Իսկ այս հարցում մեծ նշանակություն են ձեռք բերում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները եւ երկու երկրների միջեւ ձեւավորված անվտանգային փոխգործակցության միջավայրը։ Եվ կարեւոր է, որ պատերազմական իրավիճակի պայմաններում ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը ողջ ծավալով իրականացնում է եւ իրականացնելու է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները։


Միեւնույն ժամանակ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է առավել չսրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում եւ հասնել հրադադարի հաստատման, որից հետո խնդրի կարգավորման գործընթացը ամբողջովին կտեղափոխվի դիվանագիտական հարթություն։ Բայց Թուրքիան ադրբեջանական բանակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու եւ հակամարտության գոտին ահաբեկիչների կենտրոնատեղի դարձնելու միջոցով Ռուսաստանին փորձում է հունից հանել։ Իսկ երբ Ռուսաստանը սկսի կտրուկ քայլեր ձեռնարկել, Թուրքիան հնարավորություն կստանա արդեն պաշտոնապես զորք տեղափոխել Ադրբեջան եւ այնտեղ մշտական ռազմական ներկայություն ապահովել ռազմաբազայի հիմնման տեսքով։ Այնպես որ, իրավիճակը շատ նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում։


Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետի՝ ԱԳՆ խողովակով նախագահ Պուտինին ուղղված նամակի շուրջ ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանից շատ չանցած Բաքու շտապեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն եւ կրկին հայտարարեց, թե իրենք մինչեւ վերջ Ադրբեջանի հետ են։ Թուրքիային չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայտարարում է Հայաստանին աջակցություն տրամադրել ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները չեզոքացնելու տեսանկյունից։ Սակայն բավական հատկանշական է, որ մեր հանրության ներսում Ռուսաստանի գործողությունների հետ կապված թեման տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։ Եվ, ըստ այդմ, տարբեր շրջանակներ, անկախ այն հանգամանքից, թե իրենք որքանով են տիրապետում իրավիճակի նրբություններին, փորձում են «խորը վերլուծություններ» իրականացնել, որոնք շատ հաճախ կարող են նաեւ հակառուսական տրամադրությունների առաջացման պատճառ դառնալ։ Հայաստանում հակառուսականության ամրապնդումը բխում է Թուրքիայի շահերից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն ու ցանկությունն է: Այնպես որ, այստեղ չափազանց զգուշավոր ու նուրբ մոտեցում է անհրաժեշտ: Ընդհանրապես, հակառուսական տրամադրությունների առաջացումը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից։ Կարեւոր է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի վտանգի խորացմանը զուգահեռ Ռուսաստանն իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, ինչի մասին դիվանագիտական լեզվով ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։ Այսինքն՝ խոսքը ՀՆԱ-ի մեջ 0.8 տոկոսի անկման մասին է։ Նշենք, որ, ըստ որոշ ոչ մասնագիտական հաշվարկների, պատերազմի մեկ օրը մեզ համար արժե մոտ 30 մլն դոլար գումար։ Բայց հիշեցնենք նաեւ, որ ընդամենը 5 օր առաջ վարչապետը ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել էր, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում», եւ դա բացատրել էր նրանով, որ «պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է․ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել»։ Մնում է պարզել, թե ում ասածն է ճիշտ՝ ֆինանսների նախարարի՞, թե՞ վարչապետի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Լրատվամիջոցները տեղեկացրին, որ նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել, նաեւ ուղեկցող հիվանդություններ է ունեցել: ՀՀԿ-ական քաղաքապետը 61 տարեկան էր, համայնքը սկսել էր ղեկավարել 2012-ի նոյեմբերից: Նա քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավված: Այս տարվա մարտ ամսին մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, նաեւ՝ որ իշխանություններն իր ապրելը չեն ուզում․ «Մտածում եմ, որ ընդհանրապես ինձ ուզում են ջնջել՝ իմ ապրածը, կենսագրությունը, ինձ: Եթե մարդու վրա հինգ քրեական գործ են հարուցում ու անկապ տեղը ցեխ լցնում, բա էլ ի՞նչ մտածեմ»։ Մենք տեղեկացանք, որ այս պահին նրա հաշիվների, նրա մասնակցությամբ ընկերությունների գործունեության վրա արգելանքներ են դրված»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իսպանացի խորհրդականներից եւ լրագրողներից բաղկացած մոտ 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու եւ միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս, եւ Ինյառիտուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում հասցրել են հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներին, բժիշկներին, ինչպես նաեւ ՀՀ խորհրդարանի անդամներին եւ իշխանության ներկայացուցիչներին: Ավելին, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե առաջիկա օրերին նաեւ մտադրություն ունեն Արցախ մեկնելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու: Հիշեցնենք, որ Ջոն Ինյարիտուն իր գործընկերների հետ միասին պատերազմի առաջին իսկ օրերից դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, մասնակցել հայերի կազմակերպած բողոքի ակցիաներին: Կոնգրեսում ելույթ ունենալով՝ նա նշել էր. «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի եւ Միջին Արեւելքի մշտական հակամարտություններում, միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»: