23.11.2024
Ռազմավարական առումով այս պատերազմը խելահեղություն է. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը մերժել է նախկին նախագահներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին թիվ 1 բորտով Մոսկվա թռած արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես հայտնի է, Լավրովի հետ հանդիպման և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռահար բանակցությունների արդյունքում առանձնապես մեծ հաջողություններ չի գրանցել: Կարելի է ասել՝ հրադադարի հաստատման հասնել չի հաջողվել: Երեկոյան նա նույն բորտով վերադարձել է Երևան և շտապել վարչապետի մոտ: Կայքը տեղեկացել է, որ կեսգիշերին մոտ վարչապետին են այցելել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Հավանաբար ՝ հասկանալու, թե ինչպիսին է այժմ իրավիճակը: Կայքի տեղեկություններով Արցախի նախագահները կոնկրետ առաջարկ են արել Փաշինյանին՝ լիազորել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ մեկնել Մոսկվա և փորձել բանակցություններ վարել: Ըստ կայքի վարչապետը հակված չէ օգտվել նախկին նախագահների ծառայություններից: Օրեր առաջ նա նման փորձերը մերժել է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որոնք կրքեր բորբոքեցին։ Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, և ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարևոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որևէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը. դա կվնասի Հայաստանին։ Ապա նաև տեղեկություն տարածվեց, թե այդ նամակը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որում խոսք է գնացել 5+2 շրջանների հանձնման մասին։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի կողմից ուղարկված որևէ նամակ չկա ու չի եղել նաև այդ օրը, ավելին՝ վերջնական տեսքի բերված որևէ պաշտոնական նամակ ուղղակի գոյություն չունի։ Մենք տեղեկացանք, որ պարզապես քննարկում է եղել, որ եթե որևէ նամակ գրելու անհրաժեշտություն լինի, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների վերադարձի պատրաստակամության մասին մի նամակ գրվի, որը պետք է լինի Արցախի բոլոր նախկին նախագահների համաձայնությամբ, ստորագրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման նամակ ունենալու անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Արցախում, հետո այդ հարցը քննարկել է նաև Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ապա նաև Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն գործնականում հարցը քննարկումներից այն կողմ չի անցել և փաստաթղթի չի վերածվել։ Ամեն դեպքում, եթե անգամ ապագայում որևէ նամակ լինի, ապա դրանում խոսք չի կարող լինել 5+2 շրջանների հանձնման մասին, այլ լինելու է մի այնպիսի բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում, ինչպես է տեսնում հարցի կարգավորումը և ինչ պայմաններով։ Նամակում նշվելու է միայն, որ պաշտոնական Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին։ Ընդամենը»։


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ: Այս հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված, եւ որ այս հանդիպումների նպատակը միայն այն չէ, որ վարչապետն իր հետ հանդիպած ուժերին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է տիրում ճակատում, կամ էլ նախկին նախագահները քննարկեն դա: Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարեւոր որոշումների նախերգանքն են: Սակայն նախագահների հանդիպումից հետո Փաշինյանի երեկվա ուղերձը կարծես շրջադարձ էր այս օրերի տրամադրություններում․ նա հայտարարեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմաճակատում է, եւ այս փուլում դիվանագիտական կարգավորում չկա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում եւ ՌԴ իր գործընկերոջ հետ քննարկում էր կոնֆլիկտի կարգավորման հարցը, «լայվ» մտավ եւ կոչով դիմեց հանրությանը, որ պետք է զինվել եւ կռվել թշնամու դեմ մինչեւ վերջ։ Ըստ էության, բացեց փակագծերը, թե ինչ է խոսել վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի հետ իր քաղաքական փակ հանդիպումներում, որից դժգոհ են դուրս եկել ընդդիմադիրները։ Նա ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին՝ որ մեզ պարտադրում են ստորագրել կապիտուլյացիայի ակտ, եւ այլեւս խոսք չկա տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձեւի մասին։ Առհասարակ՝ դիվանագիտական լուծում, ըստ վարչապետի, այս պահին հնարավոր չէ։ Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այլընտրանքային լուծում չառաջարկեց՝ հույսը թողնելով միայն հայ զինվորի տոկունության եւ մեր պատմական արիության վրա, որ այս անգամ էլ կռվենք մինչեւ վերջ եւ հաղթենք։ Նրա միակ կոչն ուղղված էր համայնքապետերին, որ կամավորական ջոկատներ կազմեն եւ գնան կռվելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բուժումը ստանում է «Էրեբունի» հիվանդանոցում․ մեր լրագրողին հայտնել է Հրազդանի նախկին փոխքաղաքապետ, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Մի քանի օր առաջ Միքայելյանը վիրավորվել էր ռազմաճակատում, երեկ երկրորդ վիրահատությունն է տարել, սակայն բժիշկներին չի հաջողվել մարմնի մեջ եղած բեկորներն ամբողջությամբ հանել: Ինքը՝ Սասուն Միքայելյանը, անգամ հումոր է անում․ «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաեւ Արցախի նախկին նախագահներին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է ու միասնաբար ստեղծված վիճակից շահեկանորեն դուրս գալու լավագույն ճանապարհը: Ընդհանրապես, տարբեր կարծիքներ լսելու, ականջալուր լինելու հանգամանքը չափազանց կարեւոր է բոլորի, առավել եւս ցանկացած իշխանության համար, այդ մասին բազմիցս խոսել ենք նաեւ նախապատերազմական շրջանում: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին պարտավոր էինք ձեւավորել այնպիսի մթնոլորտ եւ իրավիճակ, որ ունենայինք միասնական օրակարգով առաջ շարժվելու հստակ հայեցակարգեր։ 


«Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարեւորությունը, երբ վտանգ է սպառնում յուրաքանչյուրիս անհատապես, հենց այդ ժամանակ էլ մոռանում ենք բոլոր տարաձայնությունները։ Հարց է առաջանում՝ եթե կարողանում ենք նման իրավիճակներում այդպիսի բնավորություն ցուցաբերել, ի՞նչն է խանգարում մշտապես կուռ հասարակություն լինել։ Բայց հիմա էլ ամեն ինչ վերջնականապես կորած չէ։ Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ճակատներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն, ինչի նշաններն արդեն նշմարվում են. եթե բոլոր ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործենք, միասնական տեսակետներով հանդես գանք, այդ դեպքում կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք կլինեն բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի եւ ընդունելի կլինեն հասարակության բոլոր շերտերի համար։ Այդ դեպքում միանշանակ կունենանք հաջողություններ»,-ասաց Խաչատրյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի եւ կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ եւ այլեւս որեւէ օգնություն չկարողանա ստանալ Երեւանից։ Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանների վերադարձը, այլ նաեւ մյուս 2 շրջաններն ու Շուշին։ Բայց նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել, եւ եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկելու է 100 միլիոն դրամ: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ այս ժամանակահատվածում ուսումնասիրվում է այն ֆինանսական շարժերը, որն իրականացրել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ինչպես նաեւ նրանց հիմնադրամը: Գագիկ Ծառուկյանի թիմը կարծիք է հայտնել, որ գրավի չափը բավականին մեծ է: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 25-ին դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին:  Վերջինս մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, ինչպես նաեւ հարկեր թաքցնելու մեջ, սակայն Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Այսօր դատական նիստի օրն է, եւ եթե այն կրկին չհետաձգվի, ապա պարզ կլինի՝ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։ Ամենայն հվանականությամբ, նա գրավի դիմաց ազատ կարձակվի։ Հիշեցնենք նաեւ, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմից դատարանը հավելյալ փաստաթղթեր էր պահանջել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ: Դիմելով խմբակցություններին՝ ԲԴԽ-ն որոշել է պարզել՝ արդյոք այս իրավիճակում խմբակցությունները ցանկություն ունեն հանդիպել դատավորի թեկնածուներին: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը եւ Սյունիքի մարզի դատախազ Սամվել Գրիգորյանը: Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի թեկնածուների հետ, լսեն նրանց եւ ապա որոշում կայացնեն, թե ինչպես են քվեարկելու: Սակայն այս իրավիճակում չի բացառվում, որ խմբակցություններն անգամ ցանկություն չհայտնեն հանդիպելու նրանցից որեւէ մեկի հետ: Այդ դեպքում թերեւս նրանց ճակատագիրն անորոշ կմնա, եւ վերջնական որոշումն էլ կկայացվի հենց խորհրդարանում նրանց ելույթներից եւ հարցուպատասխանից հետո: Ինչեւէ, դատավորի թեկնածուները եւս անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի»: