Հայաստանը պետք է որոշակի շտկումներ, որոշակի հստակություն մտցնի ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ այլ դաշնակիցների հետ հարաբերություններում, սակայն այստեղ անտեղի են կտրուկ շարժումները: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հայկական հասարակությունում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեման հատկապես ակտուալ է դարձել Ղարաբաղում "քառօրյա պատերազմի" օրերին և դրանից հետո: Զուգահեռաբար տարածվում են հակառուսական տրամադրություններ այն ակցենտով, որ "ռուսական զենքով կրակում են հայ զինվորների ուղղությամբ": Թեման մեկնաբանում են գրեթե բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև պետության առաջին դեմքեր: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ
Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ "այս դեպքերից հետո Ադրբեջանին զենքեր վաճառելու անբարոյականություն է":
Նա բնական է համարել հայ հասարակության կտրուկ արձագանքը Ռուսաստանի պահվածքին՝ Ղարաբաղում վերջին սրացումների համատեքստում: Նրա խոսքով, հասկանալի է, որ ռուսաստանյան տարբեր բարձարստաիճան պաշտոնյաների՝ զենքերի վաճառքը շարունակելու մասին
հայտարարությունները ՀՀ-ում շատ զգացմունքային պետք է ընկալվեին: «Էմոցիաները բնական են: Եվ Երևանը նախագահի մակարդակով նույնպես հայտնել է իր մտահոգությունը ռուսական զենքերն Ադրբեջանին վաճառելու հետ կապված: Մենք հույս ունենք այս և մեր օրակարագի այլ հարցեր նույնպես քննարկել Պետդումայի խոսնակ
Սերգեյ Նարիշկինի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում»,-նշել է Շարմազանովը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ, պետք է սթափ գնահատել իրավիճակը, քանի որ ցանկացած գործընկեր առաջին հերթին առաջնորդվում է իր շահերով: «ՌԴ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ը ու ԵՄ-ը առաջնորդվում են առաջին հերթին սեփական աշխարհաքաղաքական շահերով: Ակնհայտ է, որ այդ շահերը կարող են համընկնել մեր շահերի հետ, իսկ կարող են չհամընկնել: Մենք պետք է կարողանանք առաջ տանել մեր օրակարգը: Պետք է շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ: Կտրուկ շարժումները, օրինակ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալը, մեզ պետք չեն, և կարծում եմ, իմ դիրքորոշումը կիսում են ՀՀ-ի բոլոր առողջ ուժերը»,-նշել է նա:
Նրա խոսքով, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի, ավելի շուտ ՌԴ-ի այլընտրանքը Թուրքիան կլինի: «Իսկ պատմական հիշողությունը մեզ հուշում է, թե ինչ կարող է տեղի ունենալ այստեղ, եթե հեռանա ՌԴ-ը»,-նշել է նա: