2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 3,6 անգամ գերազանցում է անցած տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշը։ Բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով:
Բանկին առաջատար դիրքեր ապահոված գործոններից մեկը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճն է։ Երկրորդ եռամսյակի ընթացքում այն ավելացել է 6,2%-ով և կազմել 180 մլրդ. ՀՀ դրամ։ Դրական արդյունք է ապահովել նաև կոմիսիոն պրոդուկտների և տրանզակցիոն բիզնեսի արագ զարգացումն՝ ի հաշիվ ակտիվ քարտերի (380 հազ. քարտ) և աշխատավարձային քարտերի քանակի (95 հազ. քարտ) աճի: Քարտերի ընդհանուր շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 10%-ով և կազմել 74,8 մլրդ. ՀՀ դրամ։
Երկրորդ եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է իր ակտիվ աշխատանքները պետական ծրագրերի շրջանակներում և վճարումների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին տեղը՝ 38,7 մլրդ. ՀՀ դրամ ցուցանիշով, ինչը 23%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2020թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրավաբանական անձանց սպասարկման գործառնական եկամուտը ավելացել է 27%-ով, իսկ զուտ տոկոսային եկամուտը՝ 71%-ով։
Ներկա պահին Բանկն ունի ՀՀ տարածքում մասնաճյուղային և բանկոմատային ամենամեծ ցանցը։ Մասնաճյուղերի ընդհանուր թիվը 73 է, որից 28-ը գտնվում են Երևանում, իսկ 45-ը՝ մարզերում։ Երկրորդ եռամսյակում բանկոմատների ընդհանուր քանակը կազմել է 193, որից 91-ը տեղադրված են Երևանում, 102-ը` մարզերում: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է ընդլայնել ինքնասպասարկման գոտիների ցանցը` քանակը հասցնելով 230-ի։ Երկրորդ եռամսյակի արդյունքներով` 24/7 ինքնասպասարկման գոտիների թիվը կազմել է 30։
«Վերջին տարիներին Բանկը ցուցաբերում է բարձր ֆինանսական ցուցանիշներ բոլոր ուղղություններով` համակարգային զարգացման շնորհիվ։ Մասնավորապես՝ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք մեծացրել ենք մանրածախ վարկային պորտֆելի ծավալը 2,3 անգամ, մեկնարկել ենք մի շարք ավտովարկավորման ծրագրեր խոշոր դիլերների հետ, ակտիվ զարգացնում ենք հեռահար սպասարկման հարթակները։ Կորպորատիվ բիզնեսում հաջող աշխատանք է տարվել խնդրահարույց ակտիվների և դրանց իրացման համար, ապահովվել է փոքր բիզնեսի վարկավորման աճ։ Գանձապետարանում նույնպես հասել ենք լավ արդյունքների մի շարք ներդրումային գործիքների ներդրման շնորհիվ` ապահովելով բրոքերային ծառայությունների մատուցման բորսայական առևտրային հարթակների հասանելիությունը ВТБ Капитал Брокер-ի հետ համատեղ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։