27.11.2024
Վարչապետի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Գուրգեն Ալավերդյանի հանդեպ նվաստացնող վերաբերմունքը

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ:


«Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:


Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:


Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով:


Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:


Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը»: