Հայ դատի գրասենյակը կոչ է անում Օբամային դատապարտել Բաքվին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի շփման գծում անցած գիշեր տեղի ունեցած և ապրիլի 2-ի դրությամբ շարունակվող բախումներին։
Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել անհապաղ ձեռնարկել միջոցներ, որոնք կկասեցնեն Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին գրոհները։ Ամերիկայի Հայ դատն այս իրադարձություններն անվանում է հրադադարի ամենածանր խախտումը 1994 թվականից ի վեր: Հանձնախումբը քննադատում է Վաշինգտոնի քաղաքականությունը։
«Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիան զսպելու հարցում Օբամայի վարչակարգի ձախողումը Ալիևի համար կանաչ լույս է վառել Ղարաբաղի վրա հարձակումներ նախաձեռնելու ճանապարհին»,- հայտարարել է Արամ Համբարյանը՝ նշելով, որ այս գործողություններից ընդամենը ժամեր առաջ Իլհամ Ալիևին ջերմորեն ընդունել են Սպիտակ տանը, հայտնում է Ազատությունը։
«Պետքարտուղար Ջոն Քերրին Ալիևի հետ հանդիպման ընթացքում, դժբախտաբար, որևէ կերպ չի անդրադարձել նախագահ Ալիևի կեցվածքի վերաբերյալ ամերիկացիների մտահոգություններին` այդ թվում երկրի ներսում այլախոհներին ճնշելու գործելակերպին։ Քերրին չի խոսել նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնգելի ու նրանց ավելի քան 80 գործընկերների նախաձեռնության մասին, որն ուղղված է ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական կողմի բռնության աճի կասեցմանը և որին պաշտոնապես հավանություն է տվել հենց պետական դեպարտամենտը»,- նաև ասված է հանձնախմբի հայտարարությունում:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի մամլո պատասխանատու Էղիսաբեթ Չուլջյանը ասել է, որ այս շաբաթվա ընթացքում Իլհամ Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ «Դրանից ժամեր անց Ալիևը անցել է այս վայրագ հարձակումներին։ Օբամայի վարչակարգը հիմա պետք է շատ հստակ ձևով դատապարտի այս հարձակումներն և այլևս մի կողմ դնի այդ կեղծ հավասարությունը, որը ցուցաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- ասաց Չուլջյանը։
Նրա փոխանցմամբ, Հայ դատն ամերիկահայերին հորդորում է սկսել հուժկու արշավ, դիմել Սպիտակ տանը և Կոնգրեսին ու պահանջել ճնշում բանեցնել Իլհամ Ալիևի իշխանության վրա` շփման գծում աննախադեպ բախումներն անհապաղ դադարեցնելու համար։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ստեղծել է համացանցային կայքէջ (anca.org/stopaliyev): Այցելելով այդ կայք, Ղարաբաղում խաղաղության կողմնակիցները կարող են դիմել ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաներին և պահանջել ձեռնարկել անհապաղ գործողություններ նախագահ Իլհամ Ալիևի հարձակումներին վերջ տալու համար։