26.11.2024
Արևելագետ. Անկախ Քրդստանի ստեղծողները պետք է վերադառնան Սևրի դաշնագրին
prev Նախորդ նորություն

Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են. հայկական կողմն անցել է հակահարձակման

Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Հակառակորդը երկու ելք ունի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի գրառման համաձայն՝ օպերատիվ տեղեկություններով հայկական ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: «Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին», - նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Times.am-ի տեղեկությունների, ադրբեջանցի զինծառայողների դիակները գտնվում են հենց հայկական մարտական դիրքերին հարող տարածքներում։ Հայտնի է դարձել նաև, որ Հայոց բանակի ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայկական կողմն է սկսել շփման գծի երկայնքով հրադադարի խախտումը և ռազմական գերծողությունները, որի հետևանքով ադրբեջանական կողմը կրել է մեկ զոհ և ունի մեկ վիրավոր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նաև հերքել են խոցված ուղաթիռի մասին լուրը:

Պաշտոնական արձագանքեր

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին: Այդ մասին նա իր Twitter-յան էջում գրել է. «Ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների և Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ոչ կառուցողական կեցվածքի ներքո»:

ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համար այլևս ժամանակն է մի կողմ դնել դիվանագիտական պարիտետները և բաց աչքերով նայել իրողությանը։

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը՝ պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։ Դրանով Բաքուն ( ամենայն հավանականությամբ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների վրա։

Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձևաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երախիք։ Պաշտոնական բաքվի քաղաքական լկտիությունը ղարաբաղյան հարցում պետք է արժանանա համապատասխան գնահատականի»։