Հայաստանն ու Ղրղզստանը պատրաստ են քայլեր ձեռնարկել փոխգործակցության զարգացման համար
Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Ղրղզստան։ Այցելությունը մեկնարկեց Ղրղզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաևի հետ հանդիպմամբ։
Հանդիպմանը ընդգծվեց, որ առկա է երկուստեք պատրաստակամություն՝ գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը, իրավապայմանագային դաշտի ամրապնդումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը։
Ղրղզստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։
Բիշքեկում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի վարչապետ Ջոմարդ Օթորբաևի հետ։
Օտոմբաևն ասաց, որ այլ կարգավիճակներով բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան և սեփական փորձի և դիտարկումների հիման վրա եզրակացրել է, որ Հայաստանի և Ղրղզստանի տնտեսությունները շատ ընդհանրություններ ունեն, և առկա է առևտրատնտեսական համագործակցության զարգացման լուրջ ներուժ։ Վարչապետը բարձր գնահատեց Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների միջև հաստատված գործընկերային հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղրղզական առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը։ Այս առումով կարևորվեց իրավապայմանագրային հենքի ընդլայնումը, գործարար համաժողովների անցկացումը։
Ղրղզստանի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների, ոսկերչական արտադրանքի, ծառայությունների, տուրիզմի բնագավառներում Հայաստանի փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Եվրասիական միության շրջանակներում համագործակցության հեռանկարներին։
Ապրիլի 4-ին տեղի ունեցան Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրլան Աբդիլդաևի բանակցությունները։
Ղրղզստանի արտգործնախարարը ողջունեց երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցելությունը Բիշքեկ՝ ընդգծելով, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջխորհրդարանական շփումների աշխուժացմանը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանմանը, մշակութային կապերի խրախուսմանն առնչվող հարցերի շուրջ։
Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցություններ անցկացնել և դրանք կանոնակարգելու նպատակով համապատասխան ծրագիր մշակել։
Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։ Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց իր գործընկերոջը այցելել Հայաստան։