23.11.2024
Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան
prev Նախորդ նորություն

Արտակարգ դրությանն առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2249 բողոք

Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:


Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:


Մասնավորապես՝ մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ դրությանն առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն։


Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․


1. 794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),


2. 231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն,


3. 114 դիմում-բողոք՝ ֆինանսական դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների վերականգնմանը,


4. 78 դիմում-բողոք՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին,


5. 57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելու հետ,


6. 29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման և տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ,


7. 23 դիմում-բողոք՝ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին և այլն:


Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ:


Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:


Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։