Մամուլ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք». ինչո՞ւ միայն այս երեքը կհամագործակցեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունները, երբ չկարողացան համագործակցության հուշագիր կնքել, մի պահ խռովեցին իրարից, հիմա անցել են պլան բ-ին։ Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակացվել է, թե ընդդիմադիր ուժերից ովքեր են այդ աշխատանքային խմբում լինելու: ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանը, ՀՅԴ-ից լինելու են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, իսկ արդեն «Հայրենիք» կուսակցությունից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը: Ըստ այս աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ իրենք պետք է լայն համախմբում ապահովելու նպատակով մշակեն համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ:  Հետաքրքիրն այն է, որ նախապես հայտարարված 5 քաղաքական ուժերից մնացել են ընդամենը երեքը, որոնք պետք է միասին աշխատեն, իսկ այս կուսակցությունների հետ «քայլող» «Ազգային օրակարգ» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները դուրս են մնացել գործընթացից: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչու որոշում կայացվեց այդ ուժերի հետ չհամագործակցել, սակայն երկու կուսակցությունների լիդերները մեր հեռախոսազանգերին չպատասխաեցին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս մենք հրապարակում ունեցանք «Քաղպայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գաղտնի չաթերի ու այնտեղ քննարկվող թեմաների մասին: Մասնավորապես գրել էինք, որ քննարկել են Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը, որոշ պատգամավորներ մտավախություն էին հայտնել, թե՝ եթե դատարանը նրան բաց թողնի, կփախչի, եւ Արարատ Միրզոյանը հանգստացրել էր նրանց։ Սակայն, ինչպես տեսանք, դատարանները դեռեւս կարողանում են հակադրվել, եւ միշտ չէ, որ իշխանությունը հասնում է իր ուզածին։ Այդ չաթերի մասնակիցներից մեկը մեզ տեղեկություններ փոխանցեց, որ մեր հրապարակումից անմիջապես հետո ՔՊ-ն «ուժեղացված ռեժիմի» է անցել, սկսել են չաթերից հեռացնել կասկածելի անձանց, անգամ չաթերից մեկը փակել են ու շատ խիստ զգուշացրել մյուսներին, որ բոլորը հսկողության տակ են, եւ ցանկացած կասկածելի հանդիպում, շփում արձանագրելու դեպքում ՔՊ-ականը հայտնվելու են «սեւ ցուցակում» եւ պատժվելու է: Մեր աղբյուրը վստահ է, որ իրենց հետեւում են եւ գաղտնալսում։ Նրանք խիստ սահմանափակել են իրենց անձնական շփումները՝ շառից-փորձանքից հեռու»:


«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանը ամփոփիչ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրեթե բառ անգամ չխոսեց կատարողականի մասին: Կես ժամանոց ելույթի ընթացքում Փաշինյանը անընդհատ մատ էր թափ տալիս բառիս ամենաիսկական ու փոխաբերական իմաստով: Երբ իշխանություններին մեղադրում են ատելություն եւ չարություն սերմանելու մեջ, հակադարձում են, թե իրենք «սիրո ու համերաշխության» արժեքներ կրողներ են: Այնինչ, միայն երեկվա ելույթում Փաշինյանը «հաջողացրեց» անվանարկել իր քաղաքական մրցակիցներին, ընդդիմախոսներին՝ նրանց որակելով «քաղաքական դիակներ», «քաղաքական բացիլներ» եւ «հռետորական» հարց ուղղելով, թե «որտեղ են հայտնվելու այդ ուժերը եւ, ամենակարեւորը, ինչ դիրքով»: Սակայն այս ամենը նորություն չէ: Ամենաուշագրավը վարչապետի «կանխատեսումն» էր, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018 թ. հեղափոխության արժեքները, որեւէ այլ ուժ տեղ չի ունենալու: 


Սա ցույց է տալիս, որ տեղեկությունները, թե Փաշինյանը ձեռնամուխ է եղել գրպանային, մերձհեղափոխական ընդդիմության եւ իր երազանքի անընդդիմադիր քաղաքական դաշտի ձեւավորմանը, իրականություն են: Բայց մի կողմ դնենք դեժավյուի տպավորությունը «Մելիք-Ադամյան փողոցով անցնելու» հետ կապված, մի կողմ դնենք նաեւ այն, որ նշյալ «արժեքները» չափազանց հարաբերական են, որ, այսպես կոչված, «հեղափոխական արժեքները» իշխանությունները վաղուց հենց իրենք չեն պահպանում, որ իշխող ուժի որդեգրած «արժեքները» մեծամասամբ ընդունելի չեն հանրության կողմից: Շատ ավելի էական է, թե ո՞ւմ անունից է նման կանխորոշում անում Փաշինյանը: Էլի՞ ժողովրդի: Դա որեւէ մեկն իմանալ չի կարող: Բայց այդ մասին՝ հաջորդիվ... Հա, ի դեպ, տարօրինակ էր, որ վերջում բուռն ծափահարություններ եւ օվացիա չհետեւեցին ելույթին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավին է միացել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մեր տեղեկություններով, արդեն քանի օր ոլորտի պատասխանատուներին հրահանգված է՝ քրքրել բուժհաստատությունները, պարզել, թե Ծառուկյանի ընտանիքն ու մերձավորներն առողջական ինչ խնդիրներ ունեն։ Իմանալով, որ Ծառուկյանների ընտանիքում կորոնավիրուսի դեպք կա, հանձնարարվել է պարզել, թե որտեղ են թեստ հանձնել, որտեղ են բուժվում, ինչ միջոցներ ու կապեր են օգտագործել։ Մտել են մարդկանց նեղ անձնական տարածք, ու հենց նախարարությունից էլ ապահովել են ինֆորմացիայի արտահոսքը՝ այն նկատառումով, որ նախ ցույց տան, թե ինչի հանգեցրին Ծառուկյանի կազմակերպած բողոքի ակցիաները, եւ որպեսզի մարդիկ առաջիկայում խուսափեն գնալ այդ ակցիաներին։ Չի բացառվում, որ առաջիկայում ավելի «հուժկու կոմպրոմատներ» հայտնվեն համացանցում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել՝ նրանց համար հյուրասիրություն կազմակերպելով «Բելաջիո» ռեստորանում: Հյուրասիրությանը մասնակցել են ի պաշտպանություն Ծառուկյանի կազմակերպված հանրահավաքի մասնակիցները: Հատկապես կարևորվել են նրանք, ովքեր կալանավորվել են և տարվել ոստիկանական բաժիններ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, որը հայտնի է Տուգո մականվամբ, պատրաստվում է արտագաղթել Եվրոպա, ավելի կոնկրետ` Հունաստան: Ըստ շրջանառվող լուրերի` ժամանակին տարբեր սկանդալների կիզակետում հայտնված Ավագյանն արդեն իսկ վաճառքի է հանել Ջրվեժում գտնվող իրեն պատկանող «Աստաֆյան եւ Բելաջո» ռեստորանային համալիրը»:


«Հրապարակ» թերթը գրում է.«Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Ի դեպ, նա նաև ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա և Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ։ Բեգոյանին հանեցին, ձևական մրցույթով ՀՈԱԿ-ի տնօրեն «ընտրվեց» քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի ընկերը՝ Արա Աղայանը։ Եվ Քրիստինեի երազանքն իրականացավ՝ նշանակվեց այս ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Բժշկական համալսարանից տեղափոխվելով քաղաքային կառավարման ոլորտ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ Ձեր վարորդի գործը, որով Դուք որպես վկա եք ներգրավված, սկսել է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը Հայկ Մարությանի ընկերն է, բայց ինչո՞ւ նրա ժամանակ չկատարվեց այդ պատվերը՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին։ «Ակնհայտ կլիներ, որ ոստիկանապետը գործ է հարուցել իր ընկերոջ քաղաքական օպոնենտի նկատմամբ»: Ինչո՞ւ հիմա հարուցեցին, որ Էդմոնը չստորագրի՞ ՍԴ դիմումը։ Փաստորեն, Էդմոնի սանիկների նկատմամբ էլ են գործ հարուցում․ Մարուքյանը Ձեր քավորն է, չէ՞։ «Այո, իմ քավորն է, իսկ գործը հարուցվել է ՍԴ-ին առնչվող մեր որոշումը կայացնելուց հետո»: Լուրեր կան, որ Ձեր նկատմամբ «քաղաքական պատվերի» հետեւում նաեւ վարչապետի քավոր Ղալումյանն է կանգնած, ասում են` իրենց սանիկը զայրացած է։ «Չեմ բացառում, քանզի Փաշինյանն այդ բացահայտումը ծանր է տարել, եւ առայսօր չկա որեւէ հրապարակային տեղեկություն` հարյուր միլիոնավոր դրամների հասնող այդ չարաշահումների մասով»: Վարորդի գործով ներկայացա՞ք 6-րդ վարչություն: «Այո, իրականում «ուչաստկովիի» գործ էր, ենթադրում եմ, որ իրենք ձեռք են բերել որոշ լուսանկարներ, որոնք առանց քրգործի հարուցման եւ դատարանի սանկցիայի իրավունք չունեին ձեռք բերելու»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Իրավունքի» տեղեկությունների` «Բեւեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բեւեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ` գրասենյակի շրջակայքում գտնվող խանութներից, հարեւաններից հարցուփորձ են արել գրասենյակի մասին ու տվել տարօրինակ հարցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեությունը: Թե ինչ նկատի ունեն այս ձեւակերպման տակ, դժվար է գուշակել: Ամեն դեպքում, զարմանալիորեն, վերջիններիս անհանգստացրել է նաեւ գրասենյակի առջեւ ծածանվող եռագույն դրոշը: Ավելին` հարեւանների պնդմամբ` մի քանի օր առաջ անհայտ անձանց կողմից նույնիսկ փորձ է կատարվել ներխուժել գրասենյակ: Թե արդյոք վերոնշյալ հարցման հեղինակներն իսկապես ԱԱԾ աշխատակիցներն են եղել, եւ ինչ նպատակ է հետապնդում այս ամենը, ըստ նույն տեղեկությունների, Ա. Վարդանյանն անձամբ փորձել է պարզել ԱԱԾից: Իսկ թե ինչ է պարզվել, կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում»:


«Իրատես» թերթը գրում է. «Հավանաբար շատերն են զարմանում, թե ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան աշխատած, արքայազնի հետ բարեկամացած, համաշխարհային մակարդակի բիզնեսների մասին էլ չասած, ալամ աշխարհ տեսած եւ, ի վերջո, տիեզերք թռչելու ցանկություն ունեցող Արմեն Սարգսյանը ինչու է եկել Հայաստան ու «սիմվոլիկ» նախագահ դարձել։ Կենսագրության մեջ, համաձայն եմ, գուցե ծանրակշիռ տող է՝ ՀՀ նախագահ, բայց այդքան նվաստանալու գնով արժե՞։ Արմեն Սարգսյանը, ոչինչ չանելով, այս երկու տարվա ընթացքում ավելի շատ քննադատություն է վաստակել, քան ոլորտները ձախողած գերատեսչությունների ղեկավարները։ Ինչու՞ նրան չի անհանգստացնում այն հանգամանքը, որ այս իշխանությունն իր հետ ոչնչացման է տանում ոչ միայն Արմեն Սարգսյան նախագահին, այլեւ այդ ինստիտուտն ընդհանրապես։ Ու այլեւս արդարացում չկա այն բանին, թե նախագահը ոչ մի լիազորություն չունի, չի կարող որոշումների վրա ազդել, սեփական լիազորությունների կրճատման օրենքը հենց նա նախօրեին ստորագրեց։ Այս առումով խոսելու տեղ էլ չունի։


Ամենամեծ հարցն այն է, թե ինչու՞ է նախագահը գրեթե միշտ տուրք տալիս քաղաքական մեծամասնության ցանկացած վիճահարույց որոշման, ինչու՞ սեփական դիրքորոշումը չունի։ Անգամ եթե նրա ստորագրել-չստորագրելուց բան կախված չէ, պետք է, չէ՞, որ այդ ինստիտուտը` արժեք, նախագահի խոսքն էլ գին ունենա։ Ոչ մեկը նրանից չի պահանջում խիստ ընդդիմադիրի պես քննադատել օրվա իշխանության գործողությունները, բայց ներքաղաքական հարցերից մշտապես խուսափող Սարգսյանը պիտի կարողանա նաեւ երբեմն այս կամ այն վիճահարույց հարցի առնչությամբ գնահատական հնչեցնել։ Արմեն Սարգսյանի լռությունը հարցերի տեղիք է տալիս, կասկածելի դառնում։ ՈՒ այն քաղաքական ուժերի հայտարարությունը, թե նա հատուկ «առաքելությամբ» է եկել, թե Փաշինյանն ունի քաղաքացիության հետ կապված փաստաթուղթը ու շատ այլ գնահատականներ, կարծես, գոյության իրավունք են ստանում, որովհետեւ, երբ երկիրը խառնված է իրար, բոլորը մտահոգ են ստեղծված իրավիճակով, Արմեն Սարգսյանն անխռով հետեւում է, առանց բառ ասելու։ Չենք տեսել ու չենք տեսնում երկու կողմերին ուղղված, սթափեցնող գնահատական, երկրի նախագահի իրական անհանգստություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ կսպասեր, որ մեր կյանքում որևէ դերակատարում չունեցող Սահմանադրական դատարանը կդառնա այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի շատերի դեմքը։ Եթե, օրինակ, ՍԴ անդամներն ամիսներ առաջ օգտվեին ՍԴ դատավորների «կաշառքի» օրենքից՝ համաձայնեին և վաղաժամ թոշակի գնային, իշխանությունը չէր գնա այսպիսի օրինախախտումների, չէր ցուցադրի իր ողջ էությունը, և մենք չէինք համոզվի, որ դեմոկրատի ու ժողովրդավարի անվան տակ գործ ունենք օրենքն ու օրինականությունը ոտնահարող իշխանախմբի հետ։ Կամ՝ եթե ՍԴ-ի շուրջ այս իրավիճակը չլիներ, մենք չէինք հասկանա, որ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում է մեր հասարակության և նրա հոգսերին անհաղորդ մեկը, ում հետաքրքրում են միայն իր շրջագայությունները, ինչ-որ պետական շենքում նստելը և փոքրիկ աշխատակազմ ղեկավարելը։ ՍԴ-ն բացահայտեց նաև Արմեն Սարգսյանի իրական էությունը։ Եթե չլիներ ՍԴ-ի դիմադրությունը, մենք չէինք հասկանա, որ այս համատարած ապօրինությունների, վախի, զգուշավորության ժամանակներում մի քանի մարդ կա, որոնք կարող են չծախվել, չվախենալ, դիմադրել ու դիմակայել ահռելի ճնշմանը, այդ թվում՝ ոչ միայն իշխանությունների, այլև որոշ հանրային շրջանակների։ Եթե ՍԴ-ի շուրջ իրադարձությունները չլինեին, ի վերջո, մենք չէինք կարող նաև պարզել, որ 2018-ից պաշտոնական ընդդիմության կարգավիճակում գտնվող Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ոչ թե իրական ընդդիմություն է, այլ անգաղափար ու կոմպլեքսավորված մարդկանց մի խումբ, որին կա՛մ գործող իշխանություններն են կառավարում, կա՛մ՝ արևմտյան ինչ-որ ուժեր։ Եվ որն իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե երկրի շահով, օրենքներով ու սկզբունքներով, այլ նրանով, թե Փաշինյանն ու նրա համակիրների բանակն իրենց ինչպես կվերաբերվեն, ինչ պիտակներ կկպցնեն իրենց»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ: Եվ եթե այս անգամ էլ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշում է կայացրել: Որոշման համաձայն՝ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Հավելենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը նշանակվել է 2017 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Հավելենք, որ այս իրավիճակի պատճառն այն է, որ դատավորի վարույթում գտնվող գործերի առնչությամբ լուրջ բացթողումներ են հայտնաբերվել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլեւ նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը եւ լռեցնել։ Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են այս խառը շրջափուլում նոր «չիստկա» իրականացնել։ Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատի վրա, եւ այդ քողի տակ առանձնապես մեծ թվով ազատումներ են սպասվում։ Մեր ունեցած տեղեկության համաձայն` աշխատանքից ազատվելու է մոտ 2000 մարդ, բնականաբար, բոլորն էլ ինչ-որ կերպ «նախկինների» հետ ասոցացվող կամ «նախկինից» մնացած։ Սակայն դեռեւս հայտնի չէ՝ այդ հաստիքներն ամբողջովին կրճատվելո՞ւ են, թե՞ դրա անվան տակ ազատվելու են անցանկալիներից՝ տեղ բացելով «քայլող» նոր էշելոնի համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հաճն համայնքում, Չարենցի 17-18 շենքների բակում տևական ժամանակ է՝ ապօրինի շինարարություն է ընթանում։ Բնակիչների խոսքով՝ համայնքապետը թույլատրել է այդ ապօրինությունը, ու քանի որ շինարարությունն ապօրինի է, հիմնականում ընթանում է գիշերային ժամերին։ Ապօրինի շինարարությունը կատարվում է ավագանու ներկա ու նախկին երկու անդամների գլխավորությամբ, որոնք բոլորն էլ ԲՀԿ-ական են ու մականունավոր՝ «Ծիտ Մանվել» ու «Դեյուզ Հայկ»։ Նրանք էլեկտրական ենթակայանի անմիջապես կողքին լավաշի փուռ են կառուցում։ Ասում են, որ վերջիններս ամեն ինչ անում են, որ ապօրինի շինարարության մասին տեղեկությունները չհասնեն Կոտայքի մարզպետին, քանի որ այդ պարագայում հետևանքները հայտնի են։ Նշենք, որ վերը նշված տարածքներում եղել է խաղահրապարակ, բայց առավել զարմանալին այն է, թե ինչպես է ՀԷՑ-ը թույլ տվել էլեկտրական ենթակայանի մոտակայքում շինություն կառուցել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն ուղղաթիռ է տրամադրել, որով հնարավոր է եղել դեղորայք շաղ տալ այն բոլոր հատվածների վրա, որտեղ թրթուրներ են եղել: «Բայց երկու տարի առաջ այդ ուղղաթիռը խոտանեցին: Այն օգտագործվում էր նման ծայրահեղ դեպքերում՝ հրդեհաշիջման աշխատանքների կամ տեղանքն ուսումնասիրելու համար: Այն, որքանով հասկանում եմ, ԱԻՆ-ի, մեր եւ մնացած բոլոր գերատեսչությունների համար էր, որոնք կարող է ինչ-որ կարիքներ ունենային օդային տրանսպորտի հետ կապված: Հիմա այդ ուղղաթիռը չկա, եւ մենք չունենք մեր անձնական օդային փոխադրամիջոցը, որի միջոցով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրեց մամուլի քարտուղարը: Հարցին՝ հնարավոր է այս հարցով դիմենք հարեւան երկրներին, մամուլի քարտուղարն արձագանքեց. «Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը, փոխնախարար Վարդան Մելիքյանը Վրաստանի հետ կապի մեջ են, նաեւ Իրանի հետ են շփվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք այնտեղից օդային փոխադրամիջոց կարող ենք ներգրավել այստեղ, թե ոչ: Իհարկե, տեղի մասնավոր ընկերությունների հետ էլ ենք շփվում, որոնք ունեն օդային միջոցներ, բայց ամեն բան ծախսի հետ է կապված՝ օդաչուներ, վառելիք…»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի մայիսին 2019-ի մայիսի համեմատ նվազել է 12.8 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 6.8 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 1.1 տոկոս: Ամենամեծ անկումը դարձյալ տեղի է ունեցել շինարարության ոլորտում։ 2020-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազումը կազմել է 27 տոկոս: Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 19.4 տոկոսով։ Առեւտրի շրջանառությունը նվազել է 18.4 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.3 տոկոսով. արտահանումը նվազել է 8.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 11.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.1 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հունվար-մայիսին 2019-ի հունվար մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9 տոկոսով։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: ՎԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը աճել է 13.3 տոկոսով: Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով աճել է, իսկ շինարարության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 23.4 տոկոսով, բայց մայիսին, ապրիլի համեմատ, հակառակը՝ զգալի աճ է գրանցվել՝ 112.9 տոկոսով: ՀՀ-ում առեւտրի շրջանառության ծավալներն են պակասել 10.8 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.3 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը նույնպես այս տարվա 5 ամիսներին նվազել է 11.2 տոկոսով, որից արտահանման անկումը կազմել է 8.1 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 12.8 տոկոս: Իհարկե, այսպիսի պատկերի պատճառը կրկին համավարակն է եւ դրա հետեւանքով մարտի 16-ին հայտարարված եւ մինչն օրս շարունակվող արտակարգ դրությունը: Եվ չնայած շատ ոլորտներում սահմանափակումները հանվել են, սակայն դրանք արդեն վատ հետեւանք են ունեցել տնտեսության վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել դեռևս 2006 թվականից գործող մի որոշման մեջ, որը վերաբերում է դատապարտված կամ կալանավորված անձանց հանձնուքների պարունակությանը: Մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է իր որոշմամբ արգելել իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց հանձնուքների փաթեթներով, ծանրոցներով ստանալ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ: Ըստ վիճակագրության՝ միայն անցյալ տարի կալանավայրերում հինգ նման ինքնասպանություն է իրականացվել, իսկ 2011-2017 թվականներին՝ 26 ինքնասպանություն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գազալցակայանների սեփականատերերը հաշվել են, որ հուլիսի 16-ից սեղմված գազի գինը կբարձրանա 10-15 տոկոսով, այսինքն՝ մեկ կիլոգրամը կարժենա 330-340 դրամ: Ներկայումս գազի գինը 290-300 դրամ է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ հուլիսի 16-ից գազը որոշ սպառողների համար կթանկանա»:


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...