Լիտվան Հայաստան բուժանձնակազմ ու 30 000 թեստ է ուղարկել
Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում հունիսի 19-ին տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։ Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։
8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։
Լիտվայի առողջապահության նախարարը նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծել է, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում երեք մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Եզրափակելով խոսքը` նախարար Վերիգան հույս է հայտնել, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշել է, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։
Դեսպանը նաև նշել է, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։