23.11.2024
Ալեն Սիմոնյանը Դոնալդ Տուսկին «ցույց տվեց իր տեղը»
prev Նախորդ նորություն

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղում բնակվող, չաշխատող կանայք

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:


ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ միայն կրկնակի կավելանա մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլեւ նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված եւ փաստացի բնակվող, չաշխատող կանայք:


Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:


Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից եւ կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։


Նշենք, որ խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում այն քաղաքացին, որը ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված է եղել եւ փաստացի բնակվել է առնվազն մեկ տարի անընդմեջ՝ մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:


Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչեւ երեխայի ծննդյան օրը, ապա նպաստը կնշանակվի երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (այն ենթադրությամբ, որ աշխատող եւ չաշխատող մայրերին նախածննդյան 70 օրվա եւ հետծննդյան 70 օրվա համար տրվում է մայրության նպաստ):


Եթե մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։


Բացի այդ, երկարացվել է նաեւ խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը՝ վեց ամսվա փոխարեն դառնալով 12 ամիս, իսկ նպաստի գումարը լիազորագրով կվճարվի ոչ թե վեց ամիս, այլ 12:


Փոփոխությունների համաձայն՝ խնամքի նպաստի չվճարված գումարը կվճարվի անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ ներկայումս գործող 6 ամսվա փոխարեն:


Վերացվել է նաեւ նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի:


Պարզեցվել է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլեւս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:


Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար եւ այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում: