Ալեն Սիմոնյանը Դոնալդ Տուսկին «ցույց տվեց իր տեղը»
Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի մասնագիտացված անձինք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ԵԺԿ նախագահի վերջին հայտարարությունը:
«Դոնալդ Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ Սերժ Սարգսյանի աչքերը իրականությունից կտրված են, սպասում են արդարադատության և ՀՀ քաղաքացիների հետ կապ չունեն», - ասաց Ալեն Սիմոնյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Այս հանդիպումից հետո Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ ընդդիմության վրա ճնշումներից: Համապատասխան գրառումը Տուսկը կատարել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ դեպքերով։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշումներից», – ասվում է, մասնավորապես, գրառման մեջ: