23.11.2024
Ծանր է 444 պացիենտի վիճակը, ծայրահեղ ծանր՝ 131-ը. նախարար
prev Նախորդ նորություն

Կառավարությունը խիստ վերահսկողության տակ է վերցնում Սևանում ձկնորսությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ որոշումը կայացվել է Սևանում ձկնորսություն իրականացնող հանրության հետ քննարկումների արդյունքում:


«Ձվադրման շրջանում մենք միջոցներ ենք ձեռնարկում որսը արգելելու համար: Մենք մեր հայրենակիցներին ի՞նչ ենք ասում. այդ ձուկը իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվելու եկամտի աղբյուրից: Հետևաբար՝ Կառավարության գործողությունները ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների են, այլ որպեսզի նախ՝ շրջակա միջավայրը պահպանվի, և երկրորդը՝ ի վերջո, ձկան պաշարը էլի իրենք են տնօրինելու, իրենք են որսալու: Արդյունքում՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ իրար հետ էս կանոնակարգենք»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ պրոցեսը կօգնի համաձայնություն ձեռք բերել, և Սևանում ձկնորսությամբ զբաղվող հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկներ:


Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։


2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվեց 200 տոննա։
Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։


Նոր նախագծով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։


Կառավարության կողմից այսօր ընդունված որոշման համաձայն․


1․ Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից։


2․ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը:


3․ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։


4․ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով
(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):


5․ Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։


Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։


Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։


«Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը», - ասված է որոշման նախագծում։