23.11.2024
Ունենք մոտ 500 հոգի ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ. Արսեն Թորոսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը հրաժարվեց Մեծամորի ատոմակայանի վերազինման ռուսական վարկից

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց Մեծամորի ատոմակայանի վերազինման և շահագործման երկարաձգման համար հատկացվելիք ռուսական վարկից հրաժարվելու որոշման նախագծին:


Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ատոմակայանի վերազինման համար տրամադրած ռուսական վարկային միջոցներից հրաժավելու պատճառը պայմաններն ու այդ վարկի ճկունության խնդիրն էր, որը չէր համադրվում երկրորդ էներգաբլոկի արդիականացման գրաֆիկի հետ:


Նրա խոսքով, ատոմակայանի արդիականացման համար Հայաստանն ինքը վարկային միջոցներ կտրամադրի։ «Մեկ այլ որոշում, որով ատոմակայանին առաջիկա երկու տարիների ընթացքում կտրամադրի ավելի քան 62 մլրդ դրամ բյուջետային վարկ։ Վարկի ծախսման նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով», - ասաց նա։


Ըստ կառավարության որոշման՝ 2015-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի և Ռուսատոմի միջև կնքվել է էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման վարկային համաձայնագիրը` 300 մլն դոլարի ծավալով։


«Արդեն 2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման բանակցություններ են սկսվել: Մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հանրավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն այժմ առավել նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է ՀՀ բյուջեից տրամադրել 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր», - ասաց նախարարը:


«Մասնավորապես՝ արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է՝ որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելու ատոմակայանի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը: Բացի այդ ծրագրի կառավարման դիմաց Կապալառուն առաջարկում է իրեն վճարել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը հիմնավոր չէ և անընդունելի է հայկական կողմի համար»,- նշված է կառավարության հիմնավորումներում։


Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքները կատարելու է «Ռոսատոմը»։ Քանի որ վարկային պայմանագրերի հետ կապված խնդիրներ են առաջացել, 3,4 մլն դոլար արդեն կատարված աշխատանքի դիմաց ռուսական ընկերությունը չի ստացել, իսկ ՀՀ-ն էլ չի համաձայնել նոր ռուսական վարկ ստանալ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:


«Փաստորեն, ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք, աներկբա, շատ ավելի լավ պայմաններով են ներգրավելու և ավելի են մեծացնելու կառավարության լծակները՝ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրանքների գները կլինեն էականորեն ցածր», - ասաց Նիկոլ Փաշինյանը: