24.11.2024
Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ
prev Նախորդ նորություն

Ունենք մոտ 500 հոգի ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վիճակը շարունակում է լարած մնալ: Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, առողջացել է 240 մարդ, մահացել 18 պացիենտ:


Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ հունիսի 9-ի հետ համեմատ հաստատված նոր դեպքերի աճ կա, սակայն տոկոսային առումով իրավիճակը նույնն է:


«Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաեւ, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել։ Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։ Սա կարեւոր ցուցանիշ է՝ իհարկե, կարեւոր է նաեւ բացարձակ թիվը սպասարկումը հասցնելու տեսանկյունից։ Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք եւ ընդհանուր մահերի թիվը այսպիսով դառնում է 245»,- ասաց նախարարը։


Նա նաև նշեց, որ այս պահին մահճակալային ֆոնդը բավարար է կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման համար, սակայն իրավիճակը լարված է մնում:


Նրա խոսքով, գումարային ունեն մոտ 500 հոգի ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ։ «Սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար», - ասաց նա։


«Այս առավոտյան դրությամբ մենք ունենք 32 հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտ: Նրանցից 4-ը տանն են, մնացած՝ այլ հիվանդանոցներում ու պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ», - հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նախարարի խոսքով, իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթացը լարվածությունը կոմպեսացվում է հնարավորությունների աճով:


Նախարարը ասաց, որ կառավարելի իրավիճակը պետք է պահել հնարավորինս երկար ու գնալ դեպի անկման:


Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա 100-տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո:  


«Այսինքն այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը: Վարակման դեպքերի 95 տոկոսը հետեւանք է գործող կանոնները չպահպանելու: Այսինքն կամ դիմակ չեն կրել, կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել, կամ երեքը միասին»,-ասաց նա:


Փաշինյանը նկատեց, որ վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ կանոնների չպահպանումը. «Այստեղ մեծ դեր ունեն ՏԻՄ մարմինները, որոնք ամեն նման դեպքում՝ պետք է հաղորդակցությանմեջ մտնել քաղաքացիների հետ, նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը: Հաջորդ խնդիրը «ընդհատակյա» հարսանիքներն են: Շատ կարեւոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»: