ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. ԳՇ պետ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հարցազրույցից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև.
«Հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանք է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ:
Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային:
ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար»: