Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև ֆեյսբուքյան հեռակա կոշտ բանավեճ է սկսվել:
Մայիսի 3-ի գիշերը Արսեն Թորոսյանը կտրուկ կերպով արձագանքել է ԼՀԿ-ի քննադատությանը՝ հիշեցնելով, որ այդ կուսակցությունն իր իսկ քաղաքական քաղաքական գերեզմանն է փորում:
«Իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն, որը կարծես «Լուսաւոր կկոչուի» այսօր մի նվագախմբի պես ինձ մեղադրում է «վիրուսի դեմ պայքարը» տապալելու մեջ` մոռանալով, թե ով էր դեմ արտակարգ դրության երկարացմանը, կոնտակտավորների հայտնաբերման ՏՏ համակարգի ներդրմանը, դիմակների կրմանը, ով էր կոկորդ պատռում, որ արագ վերաբացվի վարակի տարածման աղբյուր հանդիսացող հանրային տրանսպորտը և այսօր արդեն կրկին տասնյակ վարակակիրներ ունեցող մեծ արտադրական ձեռնարկությունները, ով էր կասկածի դնում հյուրանոցներում կարանտինի ապահովման նպատակահարմարությունը` դա համարելով «շռայլություն» և «նկարչություն»:
Հայաստանի առողջապահական համակարգը, ի հեճուկս ձեզ, արել է իր ուժերից մի քանի անգամ ավելին, քան կարող էր վարակի տեմպը զսպելու համար: Տասնյակ տարիներ ՀՆԱ-ից 1.4% չափով թերֆինանսավորված ու նյութատեխնիկական առումով թերզարգացած համակարգը մինչ օրս իրեն պահել է իրենից հարյուրապատիկ ավելի հարուստ համակարգերի պես, մի բան էլ ավելին` շնորհիվ նվիրյալ բուժաշխատողների, որոնց անձամբ խորը շնորհակալ եմ:
Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է..», - ասված է Թորոսյանի հայտարարության մեջ, որին արձագանքել է ԼՀԿ-ից Դավիթ Խաժակյանն ու Անի Սամնսոնյանը:
Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նա, մասնավորապես, գրել է. «Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,
իսկապես գովելի է այն, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:
Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով, դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:
Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:
Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:
Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»:
Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ եւ ինքնահավան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժամյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:
Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարեւան երկրի հետ հարաբերությունները` լարվածություն թողնելով պետությունների միջեւ:
Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու:
Իշխանության սիմվոլն է նաեւ այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:
Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, ապա նա չի ճանաչում ներկայիս իշխանությանը եւ վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ եւ իրենից ավել որեւէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»: