Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է շուրջ 1.7 մլրդ դրամ. ՊԵԿ
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել եւ ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` շուրջ 1.7 մլրդ դրամ), եւ աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (18-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) եւ ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում:
Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետեւյալ տվյալների ճշտությանը.
Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
Դիմումում չպետք է նշվի արդեն իսկ փակված հաշվեհամար:
Մինչեւ դիմումն ուղարկելը եւս մեկ անգամ պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը (ճշտությունը):