ՀՀ կառավարությունը գործնականում գրեթե ավարտել է խիստ սահմանափակիչ միջոցների կիրառման փուլը, և մայիսի 4-ից սկսել է իրականացնել համաճարակի դեմ պայքարի ապակենտրոնացված ռազմավարություն: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկվանից Հայաստանում հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները: Սակայն պահպանվել են սահմանափակումները կրթության, մշակույթի, զվարճանքի, հանգստի և հանրային միջոցառումների ոլորտներում: Պետական հատվածն աշխատում է հիբրիդային մեթոդով՝ համատեղելով գրասենյակային և հեռավար աշխատանքը:
Այսպիսով, այս փուլում մենք ամբողջովին հանել ենք կարանտինը և դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի: Փոխարենը, սակայն, ներդրվել են խիստ սոցիալական և տնտեսական անվտանգության կանոններ՝ հաստատվել են արձանագրություններ և կանոնակարգեր, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների համար: Խիստ սահմանափակումների կիրառման հայեցակարգը վերածվել է խիստ նորմերի և վարքի կանոնների պահպանման հայեցակարգի: Դրա արդյունավետությունն, իհարկե, կախված կլինի ամբողջ հասարակության պատասխանատվության աստիճանից:
Խիստ կարանտինի ժամանակահատվածում մենք կարողացանք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի առողջապահական համակարգի տարանցիկային հզորությունը բարձրացնելու համար:
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մենք կանցկացնենք իրավիճակի մշտադիտարկում: Հուսով ենք, որ կարիք չի լինի վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների կիրառմանը և կձևավորվեն պայմաններ՝ շարունակական համաճարակի պայմաններում հասարակության լիարժեք գործունեության և, մասնավորապես, տնտեսության գործունեության համար։
Զուգահեռաբար, կառավարությունն ընդունեց միջոցառումների փաթեթ` կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հասունացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Այս միջոցառումները, բացի սոցիալական նշանակությունից, ուղղված էին նաև տնտեսության՝ «շաթդաունի» վիճակից դուրս գալուն և ճգնաժամային ժամանակահատվածում զարգացման պայմանների ստեղծմանը:
Մեզ հաջողվեց նաև կազմակերպել արդյունավետ վերահսկողություն մանրածախ առևտրի ոլորտում, կանխել ապրանքների հնարավոր դեֆիցիտը և թույլ չտալ սպառողական գների արհեստական աճ: Կենտրոնական բանկի արդյունավետ միջամտության շնորհիվ կանխվել են ազգային արժույթի փոխարժեքի տատանումները և ապահովվել է ֆինանսական կայունությունը»,- նշել է Փաշինյանը: