23.11.2024
Մի քանի օրից կորոնավիրուսով վարակված 100-ավոր քաղաքացիներ բուժում կստանան տանը. Թորոսյան
prev Նախորդ նորություն

Այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը. Փաշինյան

Համաճարակի և աճող ռեցեսիայի պայմաններում մենք առանձնահատուկ կարևորում ենք մեր համագործակցության զարգացումը: Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր Միությունը և կատարելագործենք ինտեգրման հիմնարար ինստիտուտները: Մենք պետք է ապացուցենք դրանց կենսունակությունը ճգնաժամի պայմաններում և պատրաստ լինենք համատեղ օգտագործել բոլոր տնտեսական հնարավորությունները, որոնք ակնհայտորեն կառաջանան հետճգնաժամային ժամանակահատվածում: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի օրակարգում ընդգրկված «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ» փաստաթուղթը: Համոզված ենք, որ այս փաստաթղթում նշված գործընթացները կնպաստեն Միության ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը:


Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ:


Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները: Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին»,- շեշտել է Փաշինյանը: