Դիմակ չկրելու տուգանքը մեղմացվում է. ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել
Ներկայումս ազատ տեղաշարժի խախտման համար նախատեսվում է տուգանք աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով: Կառավարությունը որոշել է մեղմացնել տուգանքի չափը:
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց փոփոխությունը, որով սահմանվում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Այսինքն՝ 10 հազար դրամ տուգանք ազատ տեղաշարժկման պայման խախտելու համար:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բաց տարածքներում դիմակների պահանջին: Գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ փակ տարածքներում դիմակ չկրելու համար վարչական պատասխանատվությունը կրելու է տնտեսավարողը, քանի որ պարետատան որոշմամբ արգելվում է տարածք ներս թողնել մարդկանց առանց դիմակների: Այս դեպքում տուգանքը կկազմի 100-300 հազար դրամ: