Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վարչապետների միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կմնա ակլանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի ու Արցախի չորս նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ վերջինս նախօրեին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը է 13-ին։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։ Նա շուրջ տարի ու կեսից ավելի կալանքի տակ է: Ընթացքում նրա խափանման միջոցը երկու անգամ փոխվել ու նա ազատ էր արձակվել, բայց հետո կրկին կալանավորվել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատներից 10 գրանցվել են, մնացածների մասին այս պահին տեղեկություններ չկան: