23.11.2024
Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի ԵՄ չվերթների սահմանափակումը

Մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» եւ «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։


ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ նիստը տեւել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի եւ ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ: Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը եւ հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունները։


Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական եւ բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։


Կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ Կոմիտեն մնում է այն համոզմունքին, որ թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է Եվրամիության, անդամ պետությունների, EASA-ի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սերտ համագործակցությունը:


Ըստ Եվրոպական Միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել Կոմիտեին այս ամսվա վերջին:


Խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, մասնավորապես դեսպան Անդրեա Վիկտորինին՝ առցանց տարբերակով լսումներն ապահովելու, ինչպես նաեւ բոլոր ավիաընկերություններին` նիստին գործուն մասնակցություն ցուցաբերելու համար»: