Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու օրինագիծը
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի եւ Վարդան Այվազյանի ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքում օրենսդրական փոփոխությունններ իրականացնելու նախաձեռնությունը, համաձայն որի, ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ԱԱՀ-ը (20%) գանձում չի իրականացվելու:
ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գանձման պրակտիկայի վերացման խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 8-ի մամուլի ասուլիսին իր դժգոհությունն էր հայտնել ՀՀ հարկային քաղաքականությունից՝ ՌԴ-ից Հայաստան ավտոմեքենաների ներկման դեպքում: Նա հայտարարել էր, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից մեքենաների ներկման դեպքում 20%-ոց ԱԱՀ գանձումը հակասում է ԵԱՏՄ-ի իրավա-պայմանագրային դաշտին:
Դրան հաջորդել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, ըստ որի, կառավարությունն ի դեմս ֆինանսների նախարարության այդ հարցում որևէ բացթողում թույլ չի տվել և ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով և ըստ օրենքների: Նրա խոսքով, ԵԱՏՄ պյմանագրի անցումային դրույթներով ՀՀ-ը իրավունք ունի այդ հարկատեսակը գանձելու:
«...նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից»,- ասել էր փոխնախարարը: Սակայն փոխնախարարի՝ անցումային դրույթների վերաբերյալ հայտարարությունը, մեղ ասած, վիճելի էր, քանի որ ԵԱՏՄ պայմանագրով այդ դրույթները վեաբերում են միայն երրորդ երկրներից ապրանքներ կամ ապրանքային խմբեր ներմուծմանը:
ՀՀ կառավարություն-ԵՏՀ հեռակա բանավեճն արդյունքում ավարտվեց նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության փետրվարի 25-ի նիստում, հայտարարեց, որ այսուհետ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներմուծման դեպքում ԱԱՀ չի գանձվելու: "Հարցը քննարկելով ՀՀ Նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը", - հայտարարեց Աբրահամյանը:
Կառավարության այսօրվա նիստին նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ նման նախագիծ արդեն մշակվել է ՀՀ Կառավարության կողմից, որը համարվել է հրատապ, հետեւաբար պատգամավորների նախագիծին իրենք աջակցում են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե պետք է նախագծերը համատեղել: Որոշումն ընդունվեց: