ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը, որի մասով նյութեր են նախապատրաստվում, կքննի Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասն այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Դատախազը տեղեկացրել է, որ քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից: «Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասաց դատախազը` չցանկանալով արձագանքել Ալեն Սիմոնյանի դեմ նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին լրագրողների հարցին:
Լրագրողները հիշեցրեցին, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել: «Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին», - ասել է դատախազը։
Այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ալեն Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում՝ նյութերը ՀՔԾ-ին փոխանցելն առնվազն տարօրինակ է, դատախզի հանձնարարականին արձագանքել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Այսինքն, այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում՝ նյութերը ՀՔԾ-ին փոխանցելն առնվազն տարօրինակ է: Այս գործով ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն, քանի որ արդեն իսկ բավականաչափ փաստական տվյալներ ունեն դեպքի մասին», - ֆեյսբուքյան իր էջում նշել է Աթանեսյանը։
VERELQ-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև ծեծկռտուք է եղել: Ավելի ուշ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ ինքը բարևել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, որից հետո էլ ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին։