Փաստական տվյալներ ունենք, որ Հայաստանում շուրջ 100 ֆորմալ սուբյեկտներ 10-15 տարի նախադեպը չունեցող թաքնված ու արտոնյալ գործունեություն են ծավալել, որոնք իրականում ղեկավարվել են 1-2 կենտրոնից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան նա հայտնել է, որ «աննախադեպ ծավալներով քրեական գործը» վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։
Գլխավոր դատախազի խոսքով, տվյալով դեպքերով տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր են հարուցված: «Նախադեպը չունեցող ծավալների մասին է խոսքը», - ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել վարչապետի մամուլի խոսնակի օրերս հրապարակած տվյալները, որոնք առընչվում էին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
«Ես կարող եմ ասել, որ փաստական տվյալներ ունենք, որոնց վերլուծությունը վկայում է 10, երբեմն նույնիսկ 15 տարի տեւական ժամանակ թաքցված եւ արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ: Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով սուբյեկտների կողմից, եւ ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, ինչպես արդեն նշեցի, կա նաեւ որոշակի փաստական տվյալների վերլուծություն, որոնք վկայում են այդ գործունեությունը որոշակի 1-2 կենտրոնից ղեկավարված լինելու մասին», - ասաց նա:
Դավթյանի խոսքով, սխեման այնպիսինն է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածն այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող արվել: «Մեր երկրում այս ծավալների քրգործեր երբեւէ չեն քննվել, համենայն դեպս, ես չեմ հիշում նման բան», - ասաց նա:
«Էս հարյուավոր ընկերութունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, նաեւ առերեւույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբեւէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- ընդգծեց գլխավոր դատախազը՝ նկատելով, որ խոչընդոտները հենց իրենց գործունեության քողարկմամբ պայմանավսորված են:
Նա նաև նկատել է, որ տվյալ գործերով լուրջ թիմային աշխատանք է տարվում նաև միջազգայի համագործակցության ոլորտում: «Բոլոր փաստական տվյալները ստուգելու եւ արդյունքում դրանք հերքող կամ հավաստող տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք», - ասել է նա՝ նշելով, որ քրեական հետապնդումները կսկսվեն այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար լինի: