Վանեցյանի մասին Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը ստուգման կարիք ունի. գլխավոր դատախազ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետա Արթուր Վանեցյանի մասին հայտարարությունն օպերատիվ ստուգման կարիք ունի և դրանք ստուգվելու են: Այս մասին ապրիլի 30–ին լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ավելի վաղ Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում հարց էր բարձրացրել առ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դրսի երկրների կողմից հավաքագրված է և ակնարկում էր, որ հենց այդ պատճառով է հեռացվել պաշտոնից։
Արթուր Դավթյանը սկզբից չցանկացավ մեկնաբանել Հակոբյանի հայտարարությունը՝ հորդորելով իրեն ուղղել հարցեր, որոնք «զուտ իմ պաշտոնական տիրույթում են»։ «Անվտանգության վերաբերյալ եթե կհրապարակվի փաստական տվյալ ու դրա համար պաշտոնեական պարտականություն ստանձնած անձի կողմից, ապա ես պարտավոր կլինեմ դա մեկնաբանելու», - ասաց նա։
Նրա խոսքով, այդ բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել: «Այդ բնույթի ցանկացած հայտարարություն գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է, և դրանք կստուգվեն»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք ինքն ինֆորմացիա ունի այն մասին, որ Վանեցյանը գործակալ է, Դավթյանը պատասխանեց. «Իմ ինֆորմացիաներн իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում կամ քրեական վարույթներում, չկա այդպիսի քրեական վարույթ»։
Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը հայտարարել է, որ Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հնչեցրած հայտարարությամբ կզբաղվեն իրավաբանները:
Միևնույն ժամանակ Վանեցյանը անձամբ չի ցանկանում մեկնաբանել Հակոբյանի հայտարարությունը` որակելով այն որպես «անլուրջ և անպատասխանատու»: